7 գ չոր խմորիչը խառնել 2 թ. գդալ շաքարավազի, 2 թ. գդալ ալյուրի հետ, այս ամենը լցնել 50 մլ գոլ կաթի մեջ, լավ խառնել: Ամանի մեջ մաղել 250 գ ալյուր, ավելացնել 1/4 թ. գդալ աղ, 3 ճ. գդալ շաքարավազ: Ուրիշ ամանի մեջ հարել 1 մեծ ձու, ավելացնել 3 ճ. գդալ զեյթունի ձեթ և 50 մլ գոլ կաթ: Խմորիչով և ձվով զանգվածները լցնել ալյուրի վրա, հունցել: Ծածկել ամանը տաք ջրում թրջած և քամած բամբակե սրբիչով և տեղափոխել տաք տեղ, որ խմորը 2 անգամ մեծանա (ինձ 30 րոպեն բավական էր): Հասունացած խմորը հունցել՝ քիչ-քիչ` ավելացնելով մոտ 50 գ ալյուր: Պետք է ստացվի փափուկ և մի փոքր ԿՊՉՈՒՆ խմոր, ալյուր շատ չավելացնել: Լավ հունցել: Խմորը բաժանել 4 մասի, գնդերի վերածել և տեղափոխել տաք և առանց միջանցիկ քամու տեղ 30 րոպեով (սրբիչով ծածկել): Գրտնակին ու աշխատանքային մակերեսին ձեթ քսել, յուրաքանչյուր գունդը ՇԱՏ ԲԱՐԱԿ գրտնակել: 70 գ կարագը հալել և քսել գրտնակած խմորին, խմորի մի ծայրին մոտ լցնել 2-3 ճ. գդալ թանձր ջեմ կամ Nutella և փաթաթել, ստացված ռուլետին խխունջի տեսք տալ՝ ներս ոլորելով, բայց իրար չկպցնել. հասունանալիս ուռչելու տեղ լինի: Նույն կերպ վարվել մնացած գնդերի հետ: Թողնել 20 րոպե, որ բարձրանան: Թխել նախապես 190 (370F) միացրած ջեռոցում մոտ 20 րոպե կամ մինչև կարմրելը: Տաք բուլկիների վրա շաքարի փոշի ցանել: Շքեղ, շատ համեղ, նուրբ բուլկիներ են ստացվում: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել