Hetq.am-ը գրում է.
Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով անցնող ևս երեք անձի կալանավորելու միջնորդություն է մերժվել։ Որոշումները կայացրել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահագն Մելիքյանը, Վարդան Գրիգորյանը և Վահե Միսակյանը։
Նշենք, որ ապրիլի 24-ին փաստաբաններ Արթուր Մանուկյանը, Միայել Շխիմյանը,Էդգար Թումասյանը և Լիանա Գասպարյանը 11 անձի ներկայացրել են Քննչական կոմիտե։ Վերջիններս, տեղեկություն ստանալով այն մասին, որ ոստիկաններն իրենց գտնվելու վայրն են ճշտել, ինքնակամ, փաստաբանների ուղեկցությամբ, ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1, 2 և 5-րդ կետերով ու 6-ին կալանավորելու միջնորդություններ ներկայացրել դատարան։
Փաստաբան Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր և Էդգար Թումասյանի պաշտպանյալ Մելս Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժել է դատավոր Վահե Միսակյանը; Նշենք, որ Մելս Հայրապետյանը գործով մեկ այլ մեղադրյալի՝ գործարար Հայկ Հայրապետյանի որդին է։
Փաստաբան Արթուր Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր երկու պաշտպանյալներին կալանավորելու միջնորդությունները ևս մերժել են՝ դատավորներ Վարդան Գրիգորյանի ու Վահագն Մելիքյանի որոշումներով։
«Չկիսելով հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի «հեղինակավոր» կարծիքը՝ պնդում եմ, որ Սյունիքի մարզի իրադարձությունները կարող էին համապատասխանել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 136֊րդ հոդվածին (վիրավորանք), սակայն այդ արարքը ապաքրեականացվել է դեռևս 2010 թվականին։ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածով նախատեսված կամ այլ հանցակազմն ակնհայտորեն բացակայում է։ Վիրավորված հայտնի անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի օգնությանը»,- մեզ հետ զրույցում իր պաշտպանյալներին վերագրվող արարքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Արթուր Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակում, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։
Գորիսում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Մեղրիում տեղի ունեցածն օրենքի խախտում էր, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։
«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգեց խորհրդակցությանը չմասնակցել, ու զբաղվել այդ հարցերով։
Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիագանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, բողոքի ակցիայի այլ մասնակիցներ բերվել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու կամ խուլիգանություն կատարելը կազմակերպելու հոդվածներով։
Նշենք, որ փաստաբան Լիանա Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքնակամ Քննչական կոմիտե ներկայացած ևս մեկ անձի՝ Դավիթ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը նույնպես մերժվել է։