Ամենաբարձր պաշտոնական մակարդակով Սահմանադրության վերին աստիճանի պրիմիտիվ մեկնաբանություն։ Իմ սիրտը խառնում է էս մակարդակից:
ՀՀ Սահմ․ 149-րդ հոդ․ 3-րդ մասն արդեն երկրորդ անգամ մեկնաբանվում ու կիրառվում է այդ նորմի նպատակին ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱՌԱԿ իմաստով։ Այսպես․
ՀՀ Սահմ․ 149-րդ հոդ․ 3-րդ մասի նպատակը խորհրդարանի կայունությունն ապահովելն է։ Այդ նորմը միաժամանակ մերժում է խորհրդարանի ինքնալուծարման իրավունքը։ ՀՀ-ում խորհրդարանն ինքնալուծարվելու իրավունք չունի!!! Հետևաբար, 149-րդ հոդ․ 3-րդ մասի 1-ին նախադասությունում «Վարչապետ չընտրվելու դեպքում․․․» և 2-րդ նախադասությունում «Եթե ․․․ վարչապետ չի ընտրվում․․․» ձևակերպումները նշանակում են ոչ թե, որ խորհրդարանը որոշում է դիտավորյալ վարչապետ չընտրել, այլ որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն այնքան մասնատված են, որ վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ թվով ձայներ ԻՍԿԱՊԵՍ ՉԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ։ Ավելի պարզ՝ խորհրդարանում ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ կառավարությանն աջակցող մեծամասնություն, որի պատճառով էլ հենց խորհրդարանն ամենաբարեխիղճ ջանքերի արդյունքում իսկապես ՉԻ ԿԱՐՈՂՆԱՈՒՄ (ոչ թե՝ չի ուզում) ընտրել վարչապետ։ Ու եթե դա կրկնվում է, ապա իբրև ծայրահեղ միջոց (ultima ratio) խորհրդարանը լուծարվում է, որպեսզի ժողովուրդն ինքը նոր ընտրությունների միջոցով ձևավորի նոր խորհրդարանական մեծամասնություն, որն ի վիճակի կլինի ընտրելու վարչապետ ու ձևավորելու կառավարություն՝ աջակցելով նրան։
Երբ Սահմ․ 149-րդ հոդ․ 3-րդ մասը մեկնաբանվում ու կիրավում է այն իմաստով, թե իբր խորհրդարանն իրավունք ունի դիտմամբ չընտրելու վարչապետ (թեև կա կոնկրետ թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ մեծամասնություն), որպեսզի լուծարվի, ու տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ, ապա դա այլ բան չէ, քան խորհրդարանի ինքնալուծարում, որը, կրկնում եմ, մեր Սահմանադրությունն ԱՐԳԵԼՈՒՄ Է։
Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն ինչ հողին հավասարեցնել, ինչքա՞ն կարելի է իրավունքը խեղաթյուրել։ Ինչո՞ւ եք օրենքներում ամրագրում կանոններ, որոնք հետո պիտի արհամարհեք։ Իմաստը ո՞րն է։ Ինչո՞ւ չեք փոխում Սահմանադրությունն ու խորհրդարանին տալիս ինքնալուծարման իրավունք, որպեսզի հանգիստ անեք այն, ինչ հիմա եք անում՝ առանց Սահմանադրությունը խեղաթյուրելու։ Ինչո՞ւ օրենքներում չեք ամրագրում հենց այն կանոնները, որոնցով փաստացի առաջնորդվում եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել