Ուզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին, զորակցություն հայտնել անհետ կորած մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին ու նրանց հարազատներին և ասել՝ մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են: Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ուժ ու կորով ունենալ, որպեսզի ապահովվի գերեվարվածների վերադարձը և վստահեցրեց բոլորին, որ Արցախում և Հայաստանում ապագա կա և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:


