Yerevan.today-ը գրում է.
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կրկին լարվեց օրեր առաջ, երբ Սյունիքը մերժեց Նիկոլին: Իրենց տները կորցրած, թշնամու նշանառության տակ հայտնված սյունեցիները իրենց կայուն խաղաղությունը վտանգավոր անորոշության հետ փոխած հիմնական մեղավորին դիմավորեցին սուլոցներով և հայհոյանքներով: Դրան հետևեց նախ Փաշինյանի անօրինական հրահանգը իրավապահներին, ապա սյունեցիներին մասսայաբար սկսեցին բերման ենթարկել և ձերբակալել:
Համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես են հաշվեհարդար տեսնում սյունեցիների հետ, խոշտանգում մարդկանց, ծեծում ու նվաստացնում, թոքաբորբով հիվանդ շուռնուխցուն հանում անկողնուց և քարշ տալիս ոստիկանական բաժին, ի դեպ, միայն փաստաբանի միջամտությունից հետո հնարավոր եղավ փրկել վերջինիս կյանքը:
Այս դեպքերին հաջորդեց նաև ոստիակնների և ի պաշտպանություն սյունեցիների ելած ակցիայի մասնակիցների բախումը դատախազության մոտ: Իրավապահ մարմինները նորից բիրտ ուժ կիրառեցին, ծեծելով բերման ենթարկեցին քաղաքացիների, տուժեց նաև ոստիակններից մեկը: Օրենսդիր մարմնից էլ դեռ մի բան էլ ոգևորում էին իրավապահներին՝ «բա տեղն է դրանց, ավելի խիստ պատժեք, նույն հայհոյանքներն էլ նրանց ուղղեք»: Զավեշտ է այդ ամենը լսել նրանցից, որոնք իբրև թե ամբողջ կյանք փողոցային պայքար են մղել, իշխանության դեմ, ու մատի փաթաթան էին սարքում նման ցանկացած դրսևորում։
Երկու օր զանգվածաբար խախտվում են մարդկանց իրավունքները, ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառում, դիմակավորված և ավելի շատ քրեական ենթամշակույթ հիշեցնող անձինք են հայտնվում այդ գործողություններում, որոնց ԱԱԾ-ական լինելը կասկածի տակ են դնում իրավաբանները, իսկ նախկինում «ակտիվիստապաշտպան» գործիչներն ու միջազգային կազմակերպություններն լուռ են։ Լուռ էին նաև դեսպանատները, դեսպաններն անձամբ:
Հիշում եք, չէ՞ նախկինում, երբ օրինակ կտրված ծառերի, տրանսպորտի թանկացման, հոսանքի գնի բարձրացման, կանաչ Երևան ունենալու, պուրակների, արձանների, հին շենքերի հին քարերի և այլ տարբեր նմանատիպ թեմաներով քաղաքացիները պայքարում էին, որոնց շարքերում ի դեպ, շատ էին հենց այս իշխանության ներկայացուցիչները, ԱՄՆ և ԵՄ դեսպանները խոշորացույցն առած հետևում էին, որ մի թեթև միջադեպի արձագանքեին ու դատապարտեին բռնությունը:
Որպես կանոն, իրենց հումանիստ կոչերում վերամբարձ բառեր էին շարում՝ մարդը բարձրագույն արժեք է, ժողովրդավարություն, խոսքի ազատություն, իրավունքներ և այլն, և այլն: Իսկ հիմա ասելիք չունեն: Առավոտից երեկո մարդու և մարդակենտրոն լինելու մասին խոսող արևմուտքը ինչպե՞ս է հանդուրժում այս ամենը, մարդուն են խոշտանոգում, վիրավորում իրավունքները, նվաստացնում, տնից և արմատներից փորձում զրկել, սրանք լուռ են:
Շուռնուխ գյուղում նույնասեռական անձանց հետ միջադեպին արձագանքող դեսպանատունը, որ կոչ էր անում բռնությունից զերծ մնալ, նույն Շուռնուխ գյուղում սեփական տունը կորցրած և այրած մարդուն խոշտանգելու վերաբերյալ, ասելիք չունի: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ սեռական կողմնորոշում հարգելն ավելի կարևոր է, քան տնից զրկված մարդու բողոքը, կամ հին Երևանի ընկնող քարի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան քարը քարին շարած և ուրիշին հանձնած մարդու ձայնը, «քաղաքակիրթ» արևմուտքն այդ ի՞նչ օրինաչափություններով է որոշում առաջնահերթությունները:
Ի դեպ, վերջին օրերի գրեթե բոլոր ձերբակալությունները դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ և նույնիսկ դրանից հետո երբ դիմում ես օրինակ ԵՄ դեսպանատուն, ասում են տեղյակ չենք, գրավոր հարցումով դիմեք, կպատասխանենք:
Իսկ ԱՄՆ դեսպանը նույնպես տեղյակ չէ՞, չէ՞ որ օրեր առաջ անձամբ էր գնացել Սյունիք, անհայտ օրակարգով, նա ի՞նչ է, չի՞ տեսել ինչ է կատարվում այնտեղ, գրավոր հարցմա՞ն է սպասում:
Այս և մի շարք այլ կառույցների երկակի ստանդարտներին մենք վերջին երեք տարիներին և հատկապես պատերազմի օրերին բազմաթիվ անգամ ենք ականտես եղել, երբ դիվանագիտական, անդեմ, ոչինչ չասող կոչերով ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին իրենց մասին: Բայց հիմա, պատերազմի ավարտից և Սյունիքի շուրջ ծավալվող գործընթացներից հետո նման լռությունը, խիստ վտանգավոր է դառնում: Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան Սյունիքի հետ կապված մեծ պլաններ ունեն, դա փաստ է, բայց հարց է առաջանում, թե ի՞նչ դերակատարում է ստանձնել այդ պլաններում արևմուտքը, ի՞նչ է խոստացել դաշնակից Էրդողանին, երբ հանկարծ այսքան հադուրժող է դարձել ակնհայտ անօրինականաությանը, բռնությանն ու ծեծին:
Երևի դեռ մի բան էլ պետք է գոհ լինենք, որ աներձագի միտքը չեն ողջունել և ասել, որ դրանց տեղն է, ավելի խիստ պետք է պատժեին, չէ՞ որ սյունեցին իր դիմադրությամբ կարող է խափանել այդ պլանները: Իսկ միգուցե ժամանակն է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տան, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ու մեզ բոլորիս բացատրեն թե այդ ինչ պայմանավորվածություն է իրականացվում, իրենց և Էրդողանի, Ալիևի ու Փաշինյանի մասնակցությամբ։