News.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք, ինչպես և սպասվում էր սրել է Հանրապետությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտը։ Երեկվանից համացանցում հանրային պարսավանքի  թիրախում  են հայտնվել ոչ միայն շուռնուխեցիները, որոնց տուն վարչապետի անակնկալ այցելությունների լուսանկարները  հրապարակել էր Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, այլև Փաշինյանի այցի դեմ բողոքած սյունեցիները։

Ընդ որում, Փաշինյանի այցից վրդովված բնակիչների թվում կային ինչպես առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ պատերազմում զոհված և վիրավորված սյունեցի զինծառայողների ծնողներ և հարազատներ։ Նկատենք, որ Փաշինյանի դեմ բողոքող քաղաքացիներին անպատվում և թիրախավորում են ոչ միայն ֆեյքերը, այլև իրական մարդիկ։

Հասմիկ Իսրայելյան անունով օգտատերերից մեկն օրինակ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող սյունեցիների հասցեին մեկնաբանել է. «Սյունիքում Փաշինյանի վրա հարձակված խուժաններին ուղարկեք Ստեփանակերտ, հատկապես դրանց վարձողներին՝ ուղիղ ճակատ, ոնց կրակոցներ են հրահրել, էնպես էլ թող գնան «հայրենիքը» փրկելու»։ Մեկ այլ գրառման մեջ այս օգտատերը սյունեցիներին անվանել է «սրիկաներ»։

Իհարկե, այս օրերին սյունեցիների հասցեին շատ ավելի գռեհիկ և տգեղ մեկնաբանություններ են եղել, քան բերված օրինակում է, սակայն մեր ուշադրությունը գրավեց սյունեցիներին թիրախավորած օգտատիրոջ մասնագիտությունը։ Պարզվում է Հասմիկ Իսրայելյանը Հանարապետության ամենահայտնի կրթօջախներից մեկի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող է։

Հետաքրքիր է, կրթահամալիրում տեղյա՞կ են իրենց աշխատակցի գրառումներից, թե՞  Սեբաստացիում ընդունված է, որ աշակերտներին կրթողը լինի իր հայրենակիցների նկատմամբ ատելության խոսք տարածող և քաղաքականացված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել