Շուրջ երեք օր է՝ Էլբակեան Էդգարի հետ միասին Սյունիքում ենք։ Տեղում մարդկանց հետ զրույցները, նոր սահմանային գոտի այցելությունը, ինչպես նաև Սյունիքի շուրջ առկա լրահոսը հաշվի առնելով՝ այս պահին կարող ենք անել հետևյալ հիմնական պնդումները։
Սյունիքն այս պահին տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոնն է (սա չափազանցություն չէ), որտեղ հատվում են տարածաշրջանային գերտերությունների շահերը։ Այդ շահերի միջև դեռևս չի հաստատվել հավասարակշռություն, բոլոր կողմերը այս պահին ակտիվորեն առաջ են մղում իրենց հետաքրքրություններն ու պահանջները, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ստատուս քվո։ Քանի դեռ ստատուս քվո չկա, պայքարը բոլոր հարթակներում շարունակելու է աճել րոպե առ րոպե։
Բացի Հայաստանից՝ այս պահին Սյունիքի համար պայքարում են երկու հիմնական կողմ։ Առաջինը (Թուրքիա, Ադրբեջան և իրենց դաշնակիցները) պահանջում է, որ Սյունիքով անցնեն միջանցքներ, իսկ երկրորդ կողմը (Իրան, Վրաստան, որոշ եվրոպական պետություններ, մասամբ՝ ՌԴ) դեմ է միջանցքին։
Հայաստանի դե ֆակտո իշխանություններն այս պահին համաձայնել են լինել առաջին խմբի հետ, այսինքն սպասարկում են թուրքական դաշինքի շահը, որովհետև որևէ կերպ չեն ընդդիմանում միջանցքների բացմանը, հակառակը՝ համոզում են, որ դա «երկնքից մանանա է լինելու»։
Սյունիքով անցնող միջանցքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևորության մասին երեկ հերթական անգամ հիշեցրեց Ի. Ալիևը՝ խոսելով «Զանգեզուր թյուրքերի վերադարձի մասին»։ Մեկ վայրկյան իսկ կասկած չկա, որ միջանցքի տրամադրումը թուրքերին ծառայելու է որպես մեկնարկային կետը Սյունիքը աստիճանական թյուրքացնելու համար։ Բազմիցս ասել եմ, որ միջանցքը Թուրքիային և Ադրբեջանին մի քանի անգամ հզորացնելու է (ինչը գիտակցվում է նույնիսկ եվրոպական մայրաքաղաքներում), որի պարագայում «դեպի Զանգեզուր վերադարձը» դառնալու է իրականություն։
Սյունիքում այս պահին կա ժողովրդական դիմադրություն, ինչը հիմնված է առաջին հերթին իրավիճակի լրջության անմիջական գիտակցման վրա։ ՀՀ թուրքամետ իշխանությունը ամեն կերպ փորձում է ճնշել այդ դիմադրությունը (օր.՝ ոստիկանության ղեկավարության փոփոխությամբ, կապիտուլյանտի գաղտնի այցերով), սակայն դեռևս ապարդյուն։
Անհրաժեշտ է արձանագրել, որ այս պահին Հայաստանի պետականության դեմ կռիվը տեղափոխվել է Սյունիք, որի դեմ սյունեցիները, ցավոք, ՄԵՆԱԿ են պայքարում։
Հայաստանի ու ազգի գիտակցող հատվածը (այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը) պարտավոր են հասարակության ողջ ուշադրությունը և պայքարի ռեսուրսը կենտրոնացնել հենց միջանցքների դեմ պայքարի վրա։ Այս պահին դա մեր անվտանգային առաջին և գլխավոր խնդիրն է։ Անվերջ կարելի է քննարկել ԵԽԽՎ-ում քվեարկություն կամ կրծքեր, բայց դա ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։ Տեղի ունեցող իրադարձությունների շարունակման պարագայում լինելու է անդառնալի աղետ։
Անհրաժեշտ է լրջանալ ու հակազդման մեխանիզմներ ստեղծել։ Դրանցից առաջինը իրավիճակի հստակ, շատ հստակ ու ամբողջական գիտակցումն է։ Սյունիքում անվտանգության գոտու ստեղծում, այս հարցում Հայաստանին դաշնակից ուժերի հետ ինտենսիվ աշխատանք. սրանք այն քայլերն են, որոնք կարող ենք անել։ Ժամանակը խիստ սուղ է։
Նկարում ես կանգնած եմ Հայաստանի այս պահին ձևավորված նոր սահմանի՝ Սյունիքի ամենաարևելքում։ Իմ հետևում երևում են թշնամուն խայտառակ թղթով հանձնված Արցախի Քաշաթաղի շրջանի լեռները, իմ հայրենի Բերձոր քաղաքը։ Ես կանգնած եմ այս նոր սահմանին ու ինձանից ներքև երևացող 10-րդ դարի կանգուն եկեղեցին հույս է տալիս, որ մենք կամք կգտնենք այս սահմանը ոչ միայն պահելու, այլև լայնացնելու։
#սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան #սարդարապատ2
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել