Կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971թ.)
Ծնվել է Երևանում: 1947թ. ավարտել է Երևանի, իսկ 1948թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիաները, միաժամանակ՝ 1946-1948թթ. կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950-1956թթ. դասավանդել է Երևանի երաժշտանոցում: Բաբաջանյանը բարձրարվեստ դաշնակահար էր և հատկապես աչքի էր ընկնում իր ստեղծագործությունների կատարմամբ: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունն արդեն պարզորոշ նշմարվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադ»-ում (1950թ.), որի համար 1951թ. ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, ապա` դաշնամուրային տրիոյում (1952թ.): Բաբաջանյանի «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում (1947թ.) արժանացել են առաջին մրցանակի: Լայն ժողովրդականություն է վայելում «Հայկական ռապսոդիան» (1950թ., համահեղինակ՝ Ա. Հարությունյան): Նորարարական բնույթ են կրում «Պոլիֆոնիկ սոնատը» (1947թ.) և «Վեց պատկեր»-ը (1965թ.), վերջինիս համար 1966թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Բաբաջանյանը երգի ականավոր վարպետներից է: Գրել է քնարական («Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր») երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ», «Երջանկության մեխանիկան») համար:
***
Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ կառուցել նրա հուշարձանը: 
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2003թ. հուլիսի 4-ին: Խոսք ասացին Երվանդ Զախարյանը (Երևանի քաղաքապետ), Սոս Սարգսյանը (ՀՀ ժողովրդական արտիստ), Հենրիկ Իգիթյանը (արվեստաբան), Արմեն Խաչատրյանը (ԱԺ նախկին նախագահ), Ալիս Ադամյանը (ՀՀ մշակույթի փոխնախարար):
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը 2,8 մ, քանդակագործ` Դավիթ Բեջանյան, ճարտարապետ` Լևոն Իգիթյան: Հուշարձանի հովանավորն է Ռուբեն Հայրապետյանը:
Դավիթ Բեջանյանը ծնվել է 1944թ. Երևանում: Նա քանդակագործ Հ. Բեջանյանի որդին է: 1969թ. ավարտել է ԵԳԹԻ-ն, 1979-ից Նկարիչների միության անդամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել