«ԱԺ մի խումբ անկախ պատգամավորներ նախաձեռնել էին գերիների խնդրի վերաբերյալ քննարկում և խորհրդարան էին հրավիրել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանին, որպեսզի վերջինս անդրադառնա խնդրի հետ կապված մի շարք հարցերի։
Մոտ մեկ ժամ քննարկումից և լրագրողների հետ ճեպազրույցից հետո, րոպեներ անց, Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Բորիս Ավագյանը, մարտ ամսից սկսած, Արցախում որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն էլ, ով քննարկումը նախաձեռնողներից մեկն էր, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ չի կարծում, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատած լինեին, բայց նա գար ԱԺ, ու իրենք հրամանով նրա պաշտոնից ազատելը չհրապարակեին: «Թող բարի լինեն իրենց ասած խոսքերի տակ հիմնավորումը դնեն, թե երբ են ազատել աշխատանքից»,- ասել էր պատգամավորը։
Այնուհետև Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ Բորիս Ավագյանը Երևանում քննարկմանը մասնակցել է առանց վերադասին տեղյակ պահելու, հետևաբար՝ այսօր ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Այսինքն՝ Արցախի նախագահի խոսնակը, մեղմ ասած, ստել էր՝ ասելով, որ Բ․ Ավագյանը պաշտոնից ազատվել է մարտ ամսին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Բորիս Ավագյանին պաշտոնից ազատելուն, ասաց, թե զարմանում է, որ հանրությունը և բոլոր գիտակից մարդիկ դեռ զարմանում են, երբ լսում են սուտը։
«Սուտը, արդեն երեք տարի է՝ մեզ ուղեկցում է, և պատերազմը բոլորիս համար օրինակ էր, որ իշխանությունները երբևէ որևէ ճիշտ բառ ու միտք չեն արտահայտել։ Նրանք ստելով՝ ամեն ինչ վերածել են քաոսի։ Պատերազմի ընթացքում ստելով՝ երկիրը տարան պարտության, ստելով՝ նաև հայրենիքը դավաճանեցին։ Հիմա էլ ստելով՝ շարունակում են ղեկավարել ու քաոսի վերածել մեր կյանքը։ Ինքս նայեցի Բորիս Ավագյանի զրույցը, որտեղ նա իր կարծիքն էր ասում գերիների խնդրի հետ կապված։ Բնականաբար, այստեղ մենք բոլորս ենք կիսում իր կարծիքը և, ինչպես ընդունված է ասել, հաստատ ԱԻՊԾ տնօրենի և ծառայողների վրա ճնշում է գործադրվել, որպեսզի անեն իրենց կամքին հակառակ հայտարարություն, որովհետև վստահ եմ, որ իրենք էլ են կիսում Ավագյանի կարծիքը։ Ցավոք, այս իշխանությունները կարողացան մեր արցախցի տղամարդկանց կերպարը փոխել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ պատգամավորի, այսօր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը մեծ գործ է կատարում, մասնավորապես՝ անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների առումով, սակայն վստահ է, որ գերիների խնդրի հետ կապված որևէ առնչություն չունեն, ուստի խնդրի հետ կապված պատասխանատվությունը կրում է միայն Նիկոլ Փաշինյանը։
«Ինքս այդ սուտը հանգիստ եմ տանում, քանի որ այն նորմալ է Արցախում, մենք ստի, կեղծիքի ու կեղտի մեջ ենք ընկղմված, որից շատ արագ պետք է ազատվել, և դրան հասնելու ճանապարհը, բազմիցս նշել ենք, որ այս երկու իշխանություններից (խոսքը Արցախի և Հայաստանի իշխանությունների մասին է,- Զ․Խ․)ազատվելն է»,- հավելեց Մ. Հակոբյանը։
Նա դժվարացավ ասել՝ Բորիս Ավագյանը՝ որպես զինվորական, կարո՞ղ էր անել այն հայտարարությունները, որոնք արեց Երևանում, սակայն հստակ է, որ որևէ սխալ բան չի ասել։
«Ինչպես Բորիս Ավագյանը նշեց, ինչպե՞ս կարելի է Հայաստանի դաշնակցի պետական այրերին արժանացնել այն վերաբերմունքին, որին արժանացնում են պաշտոնյաները, քանի որ մեր անվտանգությունը նրանք են ապահովում։ Ավագյանի բոլոր խոսքերի հետ համաձայն եմ, որովհետև տեսանք, թե օրեր առաջ ինչպես իշխանությունները գերեվարվածների ու անհետ կորած զինվորների ծնողներին ուղղորդեցին Պաշտպանության նախարարություն։ Իրենք բանակը տարան պարտության, իսկ հիմա փորձում են պարզապես ոչնչացնել այն։ Եթե համազգեստ կրողը կամք է ունեցել և արտահայտել է իր կամքը, որը ճիշտ է, ուրեմն՝ այդ մարդն իրենց պետք չէ։ Իրենց պետք են խամաճիկներ, որոնք կկատարեն իրենց հրամանները»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։