Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Ահա, թե ինչու:
Բ.) Վաղը երեկոյան նախատեսված այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին: Հիշե՛ք:
Գ.) Ինչու՞: Որովհետև, Եվրոպայի խորհուրդը, եվրոպական ու միջազգային այլ կառույցները, նաև ԵԽԽՎ-ն, մի խոսքով, ողջ միջազգային հանրությունը, որը մատը մատին չտվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց մասնակցությամբ ձեռնարկված վերջին պատերազմի ողջ ընթացքում, չդատապարտեց ուժի կիրառումը արցախցիների դեմ, չդատապարտեց Ալիևի ռազմական հանցագործությունները և գործնական ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու բացառիկ հնարավորություն է ստանում. օդում հնչելիք դատարկ և իրավական որևէ հետևանք չառաջացնող ելույթների միջոցով (գերիների հարցը ներառված է ԵԽԽՎ ընթացիկ հարցերի քննարկման բաժնում- current affairs debate, ինչը նշանակում է, որ չի ընդունվելու որևէ բանաձև, իրավական որևէ հետևանք այդ քննարկումը չի ունենալու)՝ ասելու, որ դատապարտում է Ալիևին, կոչ է անում ազատ արձակել մեր տղաներին և այլն: Բայց ամենակարևորն այլ բան է: ԵԽԽՎ պատմագավորները «հայկական հարցը» այս անգամ ևս օգտագործելու են որպես մանրադրամ մի կողմից Ադրբեջանի ու Ալիևի հետ իրենց ունեցած մեծ հաշիվներում, մյուս կողմից, կրկին, սեփական մեծ հաշիվներից ելնելով, առիթն օգտագործելու ու վատաբանելու են Ռուսաստանին, որն իբրև ստորագրված զինադադարի համաձայնագրի միջնորդ, չի կարողանում կամ չի ցանկանում հասնել մեր տղաների ազատ արձակմանը: Սա է իրական քաղաքականությունը, որն ընկած է նախատեսված այդ քննարկման հետևում: Մնացածը կենացներ են: Ուստի, պատահական չէ, որ ՌԴ պատվիրակները կամ չեն մասնակցել այդ հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու քվեարկությանը կամ ձեռնպահ են քվեարկել: Կրկին, պատահական չէ, որ այս վերջին հանգամանքը արդեն դարձել է, իսկ վաղվանից ավելի մեծ թափով կդառնա մեր երկրում հակառուսական տրամադրությունները խորացնելու նիկոլական գաղտնի քարոզչության հիմնական թեզը: Կասեն, այ տեսե՛ք, բարի եվրոպացիները պահանջում են ազատ արձակել մեր գերիներին, իսկ չար ռուսները ոչ միայն չեն լուծում այդ հարցը, այլ այդ մասին Ստրասբուրգում անգամ չխոսեցին էլ:
Դ.) Արցախյան պատերազմին նախորդած, պատերազմի բուն ընթացքում ու հետպատերազմյա ողջ շրջանում միջազգային կառույցներում, այդ թվում ԵԽԽՎ-ում հայկական շահը առաջ մղելու հարցում դրսևորած սիստեմատիկ ու հանցավոր անգործությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հայ գերիների ճակատագիրն է, գիտակցված կամ արդեն զարգացումների վրա ազդեցությունը իսպառ կորցրած լինելու հանգամանքի բերումով ու սեփական կամքից անկախ, ներքաշում այլ՝ խոշոր խաղացողների շահերի բախման տիրույթ՝ անտեր թողնելով կամ զոհելով հայկական շահը ու էլ ավելի բարդացնելով դժոխքի միջով անցնող մեր գերիների վերադարձի հեռանկարը:
Ե.) Այս կերպ, մեր տղաների վերադարձի հարցում որոշիչ դերակատարություն ունեցող Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղը Ստրասբուրգում վատաբանվելու ու քննադատվելու են, իսկ ԵԽԽՎ-ն «զատիկից հետո կարմիր հավկիթ» տրամաբանությամբ ստանալու է հայության, հայաստանյան հանրության աչքում հումանիստ և պուպուշ երևալու լավ հնարավորություն: Իսկ այն, որ մենք, որպես ժողովուրդ ու հանրություն, արագ մոռանում ենք, թե որ ուժային կենտրոնը իրեն ինչպես պահեց բուն պատերազմի ընթացքում և սիրում ենք լսել մեր հասցեին ասված քաղցր խոսքերը ու դա համարում բավարար, ապացուցված փաստ է մեր պատմությամբ: Ավելորդ է ասել, որ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին ճիշտ ելույթներ կունենան, և անելով իրենց ձեռքից եկածը՝ կարժանանան մեր հանրության ծափողջյուններին, ցավոք, փաստացի միլիմետր անգամ չմոտեցնելով մեր տղաների վերադարձը:
Զ.) Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանը գերու կարգավիճակում հայտնված մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ Ստրասբուրգում մատաղ է անում Եվրոպային՝ հայ հանրության աչքում վերականգնելու վերջինիս կորցրած հեղինակությունը և քաղաքական ծուղակում դնում Ռուսաստանին, որն իրական դերակատարություն ունի այս հարցում:
Է.) Զարմանալի ու իրականությունից հեռու չեն, հետևաբար, այն ենթադրությունները, որ, հանձնելով Արցախը, Նիկոլ Փաշինյանն իրականում խնդիր է դրել ամեն կերպ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ Հայաստանը պոկելով Ռուսաստանից: Վաղը Ստրասբուրգում հայ հանրության աչքում «բարի ձյաձյա» երևալու առիթ տրված է Եվրոպային: Չեմ կասկածում, որ այն կունենա իր շարունակությունը:
Թ.) Մինչդեռ, իրականում ժողովուրդների տառապանքը ո՛չ անցյալում ու ո՛չ էլ մեր ժամանակներում չեն շարժել մեծ տերությունների գութը ու չեն ազդել մեծ տերությունների կայացրած որոշումների վրա: Զարմանում եմ, թե ևս քանի հազարամյակ պետք է ապրենք մենք՝ հայերս, այս պարզ ճշմարտությունը հասկանալու և մեր ռացիոնալ շահի փոխարեն կենացներով չապրելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել