101 մանրուք տղամարդկանց մասինCosmo.am-ը գրում է.

3 դեպք, երբ նա իսկապես քո կարիքն ունի

Ընդունված կարծիք է, որ տղամարդկանց հետաքրքրում է միայն... կուրծքը: Սա կատակ է, անշուշտ: Իրականում տղաների համար շատ կարևոր է այն համոզվածությունը, որ դժվարին պահերին մենք կլինենք իրենց կողքին:

1. Նա լարված է աշխատանքային խնդիրների պատճառով

Թույլ տուր նրան արտահայտել ներսում կուտակվածը: Երբ տղամարդն աշխատավայրում խնդիրներ ունի, նա իրեն անպաշտպան է զգում: Եթե փորձես օգնել խորհրդով, նա կարող է լարվել քո դեմ և ավելի վատ դրության մեջ հայտնվել: Այնպես որ, եղիր լսողի դերում և թույլ տուր նրան «դատարկվել»:

2. Քո լավագույն ընկերուհին տգեղ է վարվել նրա հետ

Չեզոք դիրք գրավիր, սակայն ցույց տուր, որ պատրաստ ես նրան լսել: Օրինակ` կարող ես ասել. «Հասկանում եմ քո զայրույթի պատճառը, բայց չեմ կարող բացատրել, թե ինչու նա այդպես վարվեց»: Այդկերպ ցույց կտաս քո աջակցությունն` առանց որևէ մեկի կողմը գրավելու:

3. Նա հրապարակավ ձախողում է ունեցել

Իմիջիայլոց գովասանքի խոսք ասա նրան, օրինակ` որ նա միակ տղամարդն է, ով անգամ պարահրապարակում սայթաքելիս սեքսուալ տեսք ունի, և անմիջապես փոխիր զրույցի թեման: Եթե չափից դուրս երկար գովասանքների տարափ տեղաս, նրան կթվա, որ շողոքորթությամբ փորձում ես մոռացնել տալ տհաճ միջադեպը:

Խուսափենք անիմաստ վեճերից

Ենթադրենք, նա որևէ վիրավորական բան է ասել վիճաբանության ժամանակ: Իհարկե, դա տհաճ է: Սակայն զայրանալու փոխարեն իմաստուն գտնվիր և նկատի ունեցիր Բեյլորի համալսարանի գիտնականների բացահայտումը: Երբ զույգը վիճում է որևէ հարցի շուրջ, երկուսն էլ կենտրոնանում են վիրավորանքի ու զայրույթի վրա` անտեսելով այն գործոնները, որոնք ստիպել են իրենց սիրելի էակին այդպես վարվել: Ուստի, երբ նա հաջորդ անգամ քեզ վիրավորի, մի կողմ դիր նրա խոսելու տոնն ու արտասանած բառերը և կենտրոնացիր դրդապատճառների վրա:

Օրինակ` եթե նա զայրանում է, որ դու հրաժարվեցիր ուղեկցել իրեն կորպորատիվ երեկույթին, փորձիր հասկանալ, որ իրականում նա տխրում է` կարծելով, որ այնքան էլ կարևոր չէ քեզ համար, քանզի կարողացար լքել իրեն այդ պատասխանատու պահին: Այդքանը գիտակցելու դեպքում պատասխանդ ավելի կշռադատված և կառուցողական կլինի:

Beta տղամարդկանց զարգացումը

Ոչ հեռու անցյալում են այն օրերը, երբ հանդիսատեսը զվարճանում էր Սեթ Ռոգանի մարմնավորած ծիծաղելի և փոքր-ինչ անհեթեթ հերոսներով: Մեր օրերում ևս կարելի է գտնել Ալֆա տղամարդկանց հակապատկերների, սակայն նրանք լուրջ զարգացում են ապրել և արդեն նախկինը չեն:

Սեթ Ռոգեն
Բեն Սթոունը «Փոքր-ինչ հղի» ֆիլմում (2007)

Ջեյսոն Սիգել
Փիթեր Բրեթերը «Մոռանալ Սառա Մարշալին» ֆիլմում (2008)

Փոլ Ռադ
Փիթեր Քլեյվենը «Ես սիրում եմ քեզ, ընկե՛րս» ֆիլմում (2009)

Քրիս Օ`Դաուդ
Ոստիկան Ռոդեսը «Աղջիկները Վեգասում» ֆիլմում (2011)

Ջեյք Ջոնսոն
Նիքը «Նոր աղջիկը» ֆիլմում (2012)

Ինչպես պարզվում է...

Ակնհայտորեն, «անհրապույր» բառը տղաների համար ավելի քան վիրավորական բնութագրում է: Եվ դա զարմանալի չէ: Անհրապույր նշանակում է լինել ոչ միայն անհաջող բնավորության և արտաքինի տեր, այլև առանձնապես չփայլել խելքով: Իսկ ո՞ր տղան կցանկանա համարվել այդպիսին: Այնպես որ, հաջորդ անգամ զգույշ եղիր երկրպագուներիդ պիտակավորելու հարցում:

Ինչպե՞ս պահպանել հարաբերություններն ինձ հետ

Մենք խնդրեցինք տղաներին ավարտել այս նախադասությունը: Իհարկե, փառահեղ սեքսն առաջնային տեղում էր, սակայն ստացանք նաև բավական անսպասելի արձագանքներ, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:

«Պարբերաբար «լքիր» ինձ` հանուն ընկերուհիներիդ: Ինձ դուր է գալիս մտածել, թե որտեղ ես և ինչով ես զբաղված»:
Ռոման

«Ինքդ խմիչք պատվիրիր` նախքան կհասցնեմ հարցնել, թե ինչ ես կամենում. սիրում եմ վճռական աղջիկներին»:
Հովհաննես

«Շնորհակալություն հայտնիր, երբ քեզ համար որևէ բան եմ անում: Ինձ համար կարևոր է, երբ դու գնահատում ես իմ ջանքերը»:
Կարեն

«Մի՛ տանջիր ինձ հագուստիս վերաբերյալ խորհուրդներով. եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում ծնողներիդ հետ ծանոթությանը»:
Պետրոս

«Զարմացրու ինձ համարձակ ներքնազգեստով, սակայն պահիր քեզ այնպես, ասես մոռացել ես, որ կրում ես այն»:
Միքայել

«Մի՛ կորցրու քեզ, եթե ողջ օրը լուր չունես ինձնից: Կշահես միայն այն դեպքում, եթե ինձ ազատություն տաս»:
Անդրանիկ

«Օրալ սեքս. և հնարավորինս հաճախ»:
Սամվել

Քաղցր ժամադրություն

Առաջարկում ենք համեղ քաղցրավենիքի բաղադրատոմս, որն անտարբեր չի թողնի և ոչ մի երիտասարդի. հիանալի տարբերակ՝ նրան հաճոյանալու և քո խոհարարական ունակությունները ցույց տալու համար:

Կոկոսե թխվածքաբլիթ` շոկոլադով

450 գր կարագ
500 գր շագանակագույն շաքարավազ
225 գր շաքարավազ
1 թեյի գդալ աղ
4 ձու
1 կգ ալյուր
2 ½ թեյի գդալ փխրեցուցիչ
700 գր կոկոսի չորացրած միջուկ
1 թեյի գդալ վանիլին
700 գր փշրած շոկոլադ

Կարագը հարել շաքարավազի ու աղի հետ, հետո ավելացնել ձվերը: Ալյուրը և փխրեցուցիչը խառնել իրար առանձին տարայի մեջ և աստիճանաբար ավելացնել կարագի մասսային ու լավ հարել: Այնուհետև ավելացնել մնացած բաղադրամասերը, խառնել և լցնել կաղապարների մեջ: Եփել մինչև 325 ° տաքացրած ջեռոցում` մոտ 30 րոպե:

Արդյո՞ք ճիշտ է պայմաններ դնելը

Ջեսիկան այդպես էլ վարվեց: Հարսանիքից անմիջապես առաջ նա պահանջեց, որ Ջաստինը դադարի իր նախկին ընկերուհու` Քեմերոն Դիասի հետ շփումը: Գեղեցկուհին սպառնաց, որ հակառակ դեպքում հարսանիքը չի կայանա: Կտրուկ քայլ է: Իսկ մենք խորհուրդ կտայինք նման քայլերի դիմելուց առաջ կարդալ մեր հուշումները:

1. Մտքերդ խելամտորեն արտահայտիր

«Ես չեմ ուզում, որ հանդիպես նախկին ընկերուհուդ հետ» արտահայտության փոխարեն բացատրիր նրան, թե կոնկրետ ինչու է դա քեզ անհանգստացնում. այդ դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ նա կկատարի քո խնդրանքը:

2. Չհանձնվես

Ցույց տալով, որ տվյալ խոչընդոտը բացասաբար է ազդում ձեր հարաբերությունների վրա` դու կօգնես նրան հասկանալ, որ ամեն ինչ շատ լուրջ է, և նա պետք է առնվազն խենթ լինի` ձեր միությունն այդկերպ վտանգելով:

Ինչ է նա մտածում կրքոտ սիրային տեսարաններ դիտելիս

Եթե դուք վերջերս եք սկսել հանդիպել և դիտում եք նման տեսարան միասին, նա ամենայն հավանականությամբ կշփոթվի: Մենք խնդրեցինք տղաներին խորհուրդ տալ՝ ինչպես հաղթահարել նման իրավիճակը և պատմել, թե ինչպիսի մտքեր են այցելում նրանց այդ պահին:

11% Նայել ցանկացած առարկայի, բացի հեռուստացույցից. չէի ուզի, որ ընկերուհիս նկատի, որ ես լայն բացված աչքերով նայում եմ ուրիշ կնոջ կրծքին:
Ալբերտ

22% Նյարդայնությունից ծիծաղել: Այդ պահին մեզ մոտ գոտկատեղից ներքև հետաքրքիր երևույթներ են տեղի ունենում, սակայն մենք ամեն ջանք գործադրում ենք դա ցույց չտալու համար:
Մարտին

30% Կատակի տալ: Հումորով երիտասարդը կարող է անգամ այսպիսի անհարմար իրավիճակից ելք գտնել:
Կարեն

37% Անվրդով նայել էկրանին, ասես՝ ոչինչ չի պատահել: Կարելի է տպավորություն ստեղծել, որ ցուցադրվող տեսարանը շատ ռոմանտիկ է:

Գրե՞լ, թե՞ չգրել...

Դժվար է հասկանալ, թե որն է ոսկե միջինը տղային հաղորդագրություններ ուղարկելիս, հատկապես` եթե նոր եք սկսել հանդիպել: Մենք փորձեցինք պարզել տղաներից, թե իրականում ինչ հաճախականությամբ նրանք կուզեին հաղորդագրությունների միջոցով շփվել աղջկա հետ օրվա ընթացքում:

1 անգամ. դուք փոխանակել եք ձեր հեռախոսահամարները, սակայն դեռևս համատեղ ժամադրություն չեք ունեցել:
3 անգամ. դուք արդեն մի քանի անգամ հանդիպել եք:
5 անգամ. դուք հանդիպում եք արդեն բավական երկար:

Տղաների 89%-ը պատրաստ է ժամադրվել համակրած աղջկա հետ հենց հանդիպման առաջարկ ստանալու օրը: Այնպես որ, խիզախի՛ր:

Սիրային խորհուրդներ արքայազնից

33-ամյա Ջոշ Դալլասը խաղում է արքայազն Չարմինգի դերը ABC ընկերության «Լինում է, չի լինում» հեռուստասերիալում: Ինչպես պարզվեց, նա էկրանից այն կողմ էլ շատ նման է իսկական արքայազնի:

Հ. Սերիալում Սնոուն և Չարմինգն առաջին հայացքից հրապուրվում են միմյանցով: Արդյոք դա կարո՞ղ է երկարատև հարաբերությունների համար բարերար հիմք ապահովել:

Պ. Ի՛նչ խոսք, առաջին հայացքից միմյանց համակրելն օգնում է: Այդպիսի հնարավորություն հազվադեպ է տրվում: Ուստի, եթե նման բան պատահել է, արժե զարգացնել հարաբերությունները:

Հ. Իսկ ի՞նչ անել, եթե անմիջապես կայծ չի առաջանում:

Պ. Ես կարծում եմ, որ սիրահարվում են երկու տարբերակով. երբ դա կայծակի պես հարվածում է քեզ, և ոչինչ անել չես կարող, և երբ դեպքերը զարգանում են աստիճանաբար: Գուցե ծանոթության սկզբում բավականաչափ ուշադիր չես գտնվել և միայն ժամանակի ընթացքում ես գիտակցում տվյալ մարդու կարևորությունը: Ինձ համար երկու տարբերակն էլ ընդունելի է:

Հ. Արդյոք տղաները հավատո՞ւմ են հեքիաթներին և ուզո՞ւմ են լինել աղջկա երազների արքայազնը:

Պ. Կարծում եմ, որ ուզում են. անգամ եթե պատրաստ չեն դա ընդունել: Տղաներին գրավում է որևէ աղջկա համար սպիտակ ձիով արքայազն դառնալու հեռանկարը: Իսկ եթե ինչ-որ մեկն այդպես չի մտածում, շա՜տ ափսոս:

Հ. Արդյոք տղաները հավատո՞ւմ են երկու կեսերի տեսությանն ու առաջին հայացքից սիրուն:

Պ. Որոշ տղաներ հավատում են, օրինակ` ես: Հակառակ դեպքում՝ աշխարհը շատ տխուր կլիներ:

Հ. Ո՞րն է կնոջ ամենից սեքսուալ հատկանիշը:

Պ. Խելքը: Խելացի կինն անչափ սեքսուալ է, քանի որ վստահ է իր ուժերին և ճանաչում է իրեն. դա չի կարող չգերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել