«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը բացառիկ հարցազրույց է տվել «Իրավունքին»՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, պաշտպանությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:
«Այն, ինչ կատարվեց, բանակցությունների ոչ ճիշտ վարման հետևանք էր»
-Պարո՛ն Բալասանյան, ինչպիսի՞ն է այսօր Արցախի արտաքին հարաբերությունների օրակարգը, և որո՞նք են առաջնահերթությունները:
- Եթե հարցը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, ապա, որպես այդպիսին, այս պահի դրությամբ այն չկա: 2020-ի նոյեմբերի 9-ի ժամանակավոր հրադադարի հայտարարության տեքստից հետո Արցախի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են ծառայություն իրականացնում: Որպես քաղաքական սուբյեկտ կամ քաղաքականություն վարող այս պահի դրությամբ չկա: Ինչպես տեսնում եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ժամանակավոր դադար է առել: Հիմա կսպասենք, երբ Մինսկի խումբն արդեն իսկ կսկսի գործունեություն ծավալել:
Մենք միշտ պատրաստակամ և կողմնակից ենք եղել բանակցությունների, որովհետև ցանկացած վատ բանակցություն ավելի լավն է, քան ամենափոքր բախումները: Այն, ինչ կատարվեց, բանակցությունների ոչ ճիշտ վարման հետևանք էր: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի հետ համատեղ օգտագործեց այն: Վերջին օրերին տեսնում ենք Ադրբեջանի քաղաքական իշխանությունների հայտարարությունները, որ այն, ինչ պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակում, հրաժարվում են: Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ասում է` մենք հաղթել ենք, որևէ մեկի հետ բանակցելու խնդիր չունենք, Արցախն Ադրբեջան է, և վերջ: Բայց մենք տեսանք, որ ընդհուպ ռազմական ճանապարհով Ադրբեջանը և Թուրքիան չկարողացան Արցախի հարցը լուծել։ Ավելի քան վստահ ենք բոլորս, որ երբևիցե ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու:
-Ալիևն ասում է, որ Արցախի հարց առհասարակ այլևս գոյություն չունի: Այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում խնդրի կարգավորման հեռանկարները:
-Ալիևի հայտարարությունն այդքան էլ լուրջ չենք ընդունում, որովհետև այն, ինչի մասին խոսում է իբրև «հաղթող» երկրի ղեկավարությունը` իր եղբայր Թուրքիայի հետ միասին, իրականությունից շատ հեռու է:
«Մենք որևէ խնդիր չենք ունենալու ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանվելու»
-Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայված են 5 տարի ժամկետով: Եթե 5 տարի հետո Ադրբեջանն ասի` վերջ, պետք է գնաք, սրանք մեր գրաված տարածքներն են, խաղաղապահներն էլ դուրս գան, ինչպե՞ս ենք պաշտպանվելու:
- Նախ ասեմ, որ խոսակցությունները, թե Արցախը չի ունենալու զինված ուժեր, իրականությունից շատ հեռու են: Արցախի Զինված ուժերը, Պաշտպանության բանակը, իհարկե, կորուստներ ունեցել են` և՛ մարդկային ռեսուրսների, և՛ նյութատեխնիկական բազայի: Հիմա համալրվում է մեր Զինված ուժերը, մենք վերանորոգել և վերականգնել ենք մեր ամբողջ զինտեխնիկան, զրահատեխնիկան և այլն: Զինված ուժերը համալրվում են պայմանագրային պահեստազորայիններով, որևէ խնդիր չունենք: 1988-91 թթ. էլ, եթե հիշում եք, խորհրդային զորքերը գտնվում էին Արցախի հանրապետության տարածքում` պայմանական կարող ենք ասել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շփման գծում: 1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խորհրդային Միության զորքերը լքեցին այդ տարածքը, և կարճ ժամանակում ԼՂ Հանրապետության ժողովուրդը կարողացավ կազմակերպել իր ինքնապաշտպանությունը:
Եվ 1991- 94 թթ․, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ մարտական գործողություններ իրականացնել ԼՂՀ տարածքում ապրող ազգությամբ հայերի նկատմամբ, մենք կարողացանք համարժեք հակահարված տալ: Արդյունքում ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությամբ՝ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարով՝ մեր 4400 քառ. կմ տարածքից զատ՝ ընդհանուր սահմանները կազմում էին մոտ 12 հազար քառ․ կմ: Մինիմում, եթե 120 տարի հետ դառնանք և պատմական էքսկուրս անենք, ապա չպետք է մոռանանք, որ 1920 թվականին ավելի ծայրահեղ ծանր վիճակում է եղել Լեռնային Ղարաբաղը։ Այդ ժամանակ բնակչության թիվը եղել է մոտավորապես 120-130 հազար հայ. իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ ժամանակ էլ համատեղ՝ անգլիացիների միջնորդությամբ, տարբեր մարտական գործողություններ էին իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բայց մենք այդ ժամանակ ևս պատվով դուրս եկանք: Վստահ եմ, որ հայությունը կանգնած է Արցախում ապրող հայության կողքին, և մենք որևէ խնդիր չենք ունենալու ինքնակազմակերպվելու, ինքնապաշտպանվելու: Այնպես որ, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական իշխանության ղեկավարները, ովքեր մտածում են, որ կարող են ամեն ինչ անել, որ այդ տարածքում հայ չմնա, իրենց միայն թվում է:
- Պարո՛ն գեներալ, պատերազմից հետո շատ ռազմական, քաղաքական գործիչներ տեսակետներ հայտնեցին, որ հնարավոր էր պատերազմը հաղթել կամ գոնե ավելի հայանպաստ փաստաթուղթ ստորագրել: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր էր այնպես անել, որ պատերազմն այսպիսի ելքով չավարտվեր:
- Միանշանակ՝ այո, բայց դրա մասին չխոսենք, փակագծերը չբացենք: Մենք՝ ես և իմ նմանները, դասեր ենք քաղել, վերլուծություններ ենք արել, թե որոնք էին այն բացերը, որ ունեինք 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ և հիմա, որն ավելի մեծ մասշտաբով էր: Մենք հիմա արագ աշխատում ենք շտկել մեր սխալները:
«Միանշանակ դուրս ենք գալու այս իրավիճակից»
-Իսկ ի՞նչ կասեք հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին: Հնարավոր բոլոր մակարդակներով Հայաստանում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
- Սա Հայաստանի Հանրապետության ներքաղաքական խնդիրն է:
- Ամեն դեպքում, այդ տրամադրություններն ինչպե՞ս են ազդում արցախյան գործընթացների վրա:
- Միանշանակ շատ վատ: Մեզ անհրաժեշտ է ուժեղ, համերաշխ, համախմբված և ռազմական, քաղաքական ու տնտեսական առումով զարգացած Հայաստան:
- Ի՞նչ կցանկանայիք ասել՝ որպես վերջաբան:
- Փառք բոլոր նահատակներին՝ նրանց, ովքեր մարտնչել են հայրենիքի համար: Ավելի քան վստահ եմ, որ նրանք, ովքեր հայրենիքը սիրում են, համալրելու են մեր պաշտպանության շարքերն, ու միանշանակ դուրս ենք գալու այս իրավիճակից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։