Antifake.am-ը գրում է.
Ապրիլի 12-ին Բաքվում բացվել է Արցախյան վերջին պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակը», որում հայերից առգրաված զինվորական տեխնիկայից բացի նվաստացուցիչ և արժանապատվությունը ոտնահարող վիճակում ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկենները:
Ինչպես արձանագրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
«Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում», - նշել է Թաթոյանը:
Թաթոյանը նաև հայտարարել է, որ պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումները, որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը:
«Ցուցահանդես-պուրակի» բացման դեպքը «բարկացրել» է մինչ օրս իշխանության կոշիկները լիզող «աստղերին»: Օրինակ, օրեր առաջ Ալիևին պարոնով դիմող Հովհաննես Ազոյանը, ով ոգևորվել էր հայ զինվորի արյուն տենչող Ալիևի դեմքի «խաղաղությունից», կրկին «խաղաղասիրական» ոճով հույս է հայտնել, թե «Ադրբեջանում կգտնվեն առողջ մտածող մարդիկ, ովքեր կդատապարտեն այդ անքաղաքակիրթ արարքը»:
«Թող խաղաղությունը տիրի աշխարհին»,- նշել է Ազոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: