Երկրի ոչ բարով ղեկավարներ շնորհավորում եմ, երկար դեգերումներից հետո Հայաստանում գտաք ձեր սրտի դատարանը, դրա անունն է Վճռաբեկ դատարան: Ցնծության մեջ եք հավանաբար, հասել եք ձեր երազանքին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է երկրի «ամենավտանգավոր անձը», ով ավելի վտանգավոր է քան երկիրը կործանածներիցդ յուրաքանչուրը:
Այժմ անդրադառնամ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից երեկ կայացված դատական ակտին:
Մասնավորապես, դատական ակտում նշվել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետևություն է արել գտնելով, որ գրավը ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը կզսպի, քանի որ նա իրավացիորեն կարող է քննությունից թաքնվել, գործով անցնող անձանց վրա ազդել և նոր հանցանք գործել: Նշվում է նաև, որ Ն. Սարգսյանի կողմից պատերազմի ընթացքում «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին մեծ չափի դրամական աջակցություն տալու հանգամանքը, խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ նշանակություն ունենալ չէր կարող: Դատական ակտի մնացած հատվածին չեմ անդրադառնա, դրան լրիվ ծավալով կարող են բոլորը ծանոթանալ:
Հիմա գլխավորը, Վճռաբեկ դատարանի որոշման և առկա իրողության մասին.
1. Ն. Սարգսյանն ազատության մեջ է մոտ 5 ամիս, ազատության մեջ գտնվելով, վերջինս մշտապես, պարտաճանաչ կերպով ներկայացել է բոլոր դատական նիստերին, ազատության մեջ լինելով դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և հանդես է եկել դատաքննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ, այս ընթացքում քաջ հասկանալով, որ հենց այնպես վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ չի ընդունել և ինչ է լինելու դրա արդյունքում, սպասել է այդ որոշմանը:
Այս իրողությունում գոյություն չունի Վճռաբեկ դատարանի այն մտահոգությունները, թե որևէ մեկի վրա անձը կազդի, կթաքնվի քննությունից կամ նոր հանցանք կկատարի: Բայց դե Վճռաբեկ դատարանի կողմից հո չէր արձանագրվի, թե անկախ ամեն ինչից անձը այս 5 ամսում օրինակ ազատության մեջ գտնվելով ինչ վարքագիծ է դրսևորել: Վստահ եմ սակայն, որ այս հանգամանքները առնվազն որոշում կայացնելիս քննության առարկա է դարձվել:
2. Ինչպես է ձևախեղվել հասարակությունը, այդ թվում՝ զարմանալիորեն նաև շատ գիտակից մարդիք, ում համար բարեգործություն կատարելը այս 3 տարվա ընթացքում դարձավ մարդու անձը չբնութագրող հանգամանք, այն էլ նման հիմնադրամի միջոցով լուրջ հարցեր լուծելու համար օգնության տրամադրումը: Ձևավորվել է հասարակություն, ում համար բարեգործություն անող անձը չարիք դարձավ:
Հիացեք ձեր որոշումով, այն տեսնում եք ոչ միայն դուք, այլ շատ-շատ մարդիք, ովքեր ամեն օր մտածում են օգնել մեր երկրին, բայց տեսնում են ձեզ ու ձեր գործողությունները: Հիացեք ձեր երկիրը կազմաքանդող ձեր գործունեությամբ:
Իրականությունը ներկայացնելուց հետո, թե, որ դատարանն է ճշմարտացի ակտ կայացրել և արդար, դատողություն ունեցող մարդու համար երկար մտածել չի ստացվի:
Փառք ու պատիվ բոլոր այն դատավորներին, ովքեր այս ծանրագույն պայմաններում հիրավի հավատարիմ են իրենց կոչմանը և տված երդմանը:
Հարգելի գործընկերներ, մասնավորապես լրագրողներ, առողջական խնդիրներով պայմանավորված չեմ կարող Ձեզ առանձին-առանձին պատասխանել, հայցում եմ Ձեր ներողամտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել