Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները:
Եվ գտել է իր ստերը իրականության փոխարեն մատուցելու «հնարքը»՝ ամեն առիթով նույն բանը հետևողականորեն կրկնել այնքան, մինչև դիմացինը հոգնի դրանք հերքելուց կամ պարզապես արհամարհի իր պես ստախոսին, ու հրապարակում մնան միայն սեփական ստերը՝ որպես «իրականության» վկայություններ:
Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև անխափան և հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ:
Դիվանագիտական ճակատում և պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները.
Սերժ Սարգսյանը, ըստ Ալիևի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, և Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, ուստի 2020 թվականին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք (հղումն այստեղ), մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում, մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին (հղումն այստեղ):
Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/601618180769556
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել