Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք. այն, ինչը տեղի է ունեցել 2018-ին, նախորդ տարիների անհեռատես քաղաքականության հետևանքն է եղել:
Հայաստանում ոչ միայն չի ձևավորվել "խորքային պետություն" (առանց որի կայուն պատություն չի կարող լինել)՝ պետական հստակ արժեքային համակարգի վրա հենված վարչական ապարատի կայացում, որը կարողանար հավասարակշռեր քաղաքական համակարգը անթույլատրելի խարխափումներից։
Տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ ոչնչացվել են արդեն իսկ եղած պետական արժեքները՝ ազգային անվտանգության հիմնարար առանցքները, կառավարման համակարգի կադրերի հավաքագրման չափորոշիչները, սոցիալական լիֆտերը, արդարության ու օրինականության պարզագույն չափանիշները:
Արդյունքում, սկզբնական փուլում, խորհրդարան է մտել հակահամակարգային ԵԼՔ դաշինքը, որն, արդեն հաջորդ քայլով, քաղաքական համակարգի ավերակների վրա եկել է իշխանության, մարդկանց հույս ներշնչելով, որ ինչ-որ նոր համակարգ է կառուցվելու։ Բնականաբար, այդ ամենը տեղի է ունեցել արտաքին միջամտության շնորհիվ, աշխարքաղաքական իրավիճակի փոփոխության նպատակով։
Ֆիքսենք, որ քաղաքական ու հասարակական դաշտում տոքսիկ միջավայր է ձևավորվել, որը գնալով ավելի է խորանալու։
Հայկական պետականության քայքայումն առաջին հերթին արժեքային դաշտի ոչնչացման հետևանքն է, վերականգնումը նույնպես այդ դաշտում է կարող լինել․
- իրավիճակի ճիշտ գնահատում,
- խնդիրների հստակ ձևակերպում,
- ճգնաժամային կառավարման առաջնահերթությունների հստակեցում։
Նաև պետք է հասկանանք, որ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան, ապա նոր կառավարությունը լինելու է ընդամենը ժամանակավոր կառավարություն, իսկ նոր վարչապետը՝ ճգնաժամային մենեջեր, որից հետո մեզ սպասվում են հերթական արտահերթ ընտրություններ։ Առհասարակ, մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու, մինչև որ կիսանախագահական կառավարման մոդելի անցում չկատարենք ու նոր քաղաքական համակարգ ձևավորենք, ինչը հնարավոր չի լինի անել, առանց "խորքային պետության" կառուցման, որը համապատասխան փակագծերի մեջ պահի քաղաքական համակարգը ներքին ապակառուցողական զանգվածներից, ինչպես նաև արտաքին միջամտություններից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել