
Վերջերս սկսվեց ակտիվորեն շրջանառվել տեղեկություն, համաձայն որի Ռուսաստանը նոր առաջարկ է ներկայացրել Իրանին՝ կապված Ս-300 համակարգերի սկանդալային գործարքի հետ: «ՌԻԱ-նովոստին» հայտնում է, որ Մոսկվան Թեհրանին առաջարկել է հրաժարվել Միջազգային դատարան ներկայացրած իր հայտից, և փոխարենը Ռուսաստանը Իրանին կվաճառի Ս-300 ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ` С-300ВМ հասմակարգեր, որոնք հայտնի են նաև որպես Антей-2500, իսկ ՆԱՏՕ-ի դասակարգումով՝ որպես SA-23 Gladiator:
2007 թվականի Իրանը Ռուսաստանից պատվիրեց 6 միավոր С-300ПМУ-1 (SA-20 Gargoyle՝ ՆԱՏՕ-ի դասակարգումով), որոնց ընդհանուր գինը 900 միլիոն դոլար էր կազմում: Ս-300-ի այս տարատեսակը հանդիսանում է համակարգի ամենաարդիականացված ու ժամանակակից տարբերակը: Ենթադրաբար, այս համակարգի ձեռքբերման շուրջ բանակցությունները տևել են մի քանի տարի և գաղտնի են պահվել: 2007 թվականին Իրանն ամբողջությամբ կատարեց պայմանավորված վճարումը, բայց Ռուսաստանն անընդհատ ձգձգում էր համակարգերի արտահանման ժամկետը, մինչև որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը թիվ 1929 բանաձևն ընդունեց, որի վրա հիմնվելով` ՌԴ նախագահ Մեդվեդևը կասեցրեց նախկինում ընդունված որոշումը:
Ի պատասխան` ԻԻՀ-ն որոշեց բողոքարկել Ռուսաստանի նման քայլերը՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը կա՛մ պետք է մատակարարի պատվիրված համակարգերը, կա՛մ էլ պետք է վերադարձնի ինչպես կանխավճարը, այնպես էլ փոխհատուցի իրանական կողմին պայմանագրի կասեցումով հասցված վնասների համար: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` այս բոլոր կետերով Իրանը պահանջել է 4 միլիարդ դոլար Ռուսաստանից, իսկ ինչպես երևում է Մոսկվայի հետագա քայլերից, այնտեղ շատ լուրջ են վերաբերվել Իրանի արձագանքին և բանակցություններ են սկսել, որպեսզի համոզեն Իրանին ետ կանգնել այդ քայլից:
Առաջին քայլը, որ արեց Ռուսաստանը, արտահայտվեց նրանով, որ մատնանշվեց այս կոնֆլիկտի քաղաքական հետևանքների արդյունքում Ռուսաստանի կողմից Իրանին աջակցության դադարեցումը՝ ԱՄՆ-ի հետ դիմակայության հարցում: Սակայն այս ռազմավարությունն իրեն չարդարացրեց, քանզի փաստացի մինչ օրս Ռուսաստանը ոչ մի գործնական քաղաքական կամ դիվանագիտական օգնություն չէր էլ ցուցաբերել Իրանին այս առումով:
Այո՛, Ռուսաստանը հաճախակի է օգտվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքից՝ թույլ չտալով, որպեսզի Սիրիայի դեմ բանաձևեր ընդունվեն, բայց նույն Ռուսաստանը ձեռնպահ է մնում նման միջոցներից, երբ խոսքը գնում է Իրանի դեմ բանաձևերի մասին, այդ թվում նաև պատժիչ սանկցիաներ ընդունելիս: Իրանական իշխանությունները հիանալի գիտակցում են, որ Ռուսաստանը չունի ո՛չ կամք, ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ նպատակ՝ դիմակայելու Իրանի նկատմամբ դրսևորվող Արևմուտքի թշնամական քայլերին:

Ռուսատանի երկրորդ քայլը կայացավ նրանում, որ Իրանին առաջարկվեց ձեռք բերել այլընտրանքային համակարգեր՝ ավելի շատ քանակությամբ Тор-М1: Այս համակարգն ի զորու է արձակել փոքր ու միջին հեռահարության հրթիռներ և այդքան արդյունավետ չէ, ինչքան Ս-300, բացի դրանից էլ, ի վիճակի չէ խոցել մեծ բարձրությունների վրա գտնվող թիրախներ: Այն քիչ թե շատ արդյունավետ է միջին հեռավորությունների վրա թևավոր հրթիռներ և այլ թռչող սարքեր խոցելու համար: Հարկ է նշել, որ Իրանն այս տիպի համակարգեր բավարար քանակությամբ ձեռք էր բերել դեռ 2006 թվականին: Բացի դրանից` Ռուսաստանն առաջարկել էր նաև այս համակարգերի ավելի արդիականացված տեսակը՝ Тор-М2-ն, բայց Իրանն անտարբեր էր մնացել, քանզի միևնույն է, անգամ արդիականացված Տորը զիջում էր իր ՄՏԲ-ով Ս-300-ին:
Ռուսաստանի վերջին առաջարկը Իրանին С-300ВМ մատակարարելու հավանականությունն է, ինչին միանգամից շտապել էր իր բողոքը հայտնել ԱՄՆ-ն, սակայն դա արել էր ավելի փափուկ ձևակերպումներով՝ ընդգծելով, որ նման գործարքի կայացման դեպքում ռուսական իշխանությունները կկրեն պատասխանատվություն 1929-րդ բանաձևի հավանական խախտման համար: Հավանաբար ԱՄՆ-ի այս դիրքորոշումը նշանակում է ԱՄՆ-ի անուղղակի համաձայնությունն այն բանին, որ Իրանը, այնուամենայնիվ, հրաժարվի Ռուսաստանի դեմ ներկայացված իր հայցից ու պահանջներից:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այնտեղ բավականին սառը մոտեցան նման առաջարկին: Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջաջին հայտարարեց, որ Իրանը համաձայն չէ С-300ПМУ-1-ի փոխարեն С-300ВМ ստանալ, քանզի վերջինիս ՄՏԲ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն, այնուամենայնիվ, էականորեն զիջում է С-300ПМУ-1-ին:



