Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարական տալ և շարունակել մնալ վարչապետի պաշտոնում, որովհետև, համաձայն ՀՀ Սահմանադրության, վարչապետի հրաժարականը նախագահը պետք է ընդունի անմիջապես, այսինքն՝ նա, ի տարբերություն մյուս դեպքերի, չունի եռօրյա ժամկետ՝ քննարկելու, հետ վերադարձնելու կամ ՍԴ դիմելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Սահմանադրության ուժով նախագահը պետք է ընդունի կառավարության հրաժարականը, այսինքն՝ վարչապետն այդ պահից կդառնա նախկին վարչապետ և վարչապետի պարտականությունները կատարելու իրավասություն չի ունենա»,-նշեց նա։

Ըստ Ղազարյանի՝ այն նախադեպը, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ հրաժարականից հետո, անօրինական նախադեպ է։

«Այսինքն՝ 2018-ի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նա զավթել էր վարչապետի լիազորությունները, և ապօրինի կերպով դրանք իրականացրել է։ Ինձ համար զարմանալի է, թե մինչ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը կամ այլ իրավապահ մարմիններ ինչպես են անտեսել այդ ապօրինության փաստը, որովհետև Սահմանադրության մեջ նշված է, որ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է կառավարության բացառապես այն անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել և պետք է իրենց պարտականությունները կատարեն՝ մինչև կառավարության ձևավորումը։

«Իսկ վարչապետը Կառավարությունում առանձնահատուկ կարգավիճակ ունի, և նրա հրաժարականը նախագահի կողմից ամրագրելուց հետո, համապատասխան հրամանագրից հետո նա այլևս վարչապետի պարտականությունները որևէ ձևաչափով կատարելու իրավունք չունի»,-ասաց նա։

Ղազարյանի խոսքով՝ ժամանակին մեր հասարակական կյանքը կարգավորվում էր իրավական ակտերով, որոնք ընդունում էին իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հիմա, պարզվում է, գոյություն ունի սոցիալական մի հարթություն՝ «Ֆեյսբուք», որտեղ վարչապետը կատարում է գրառումներ, որոնք ուրիշներն ընկալում են որպես իրավական նորմեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել