Ի միջ այլոց, սույն գրառումը կարդալը խիստ վնասակար է, և հակացուցված է.
- «ամբողջ աշխարհում այսպես է...» անընդհատ կրկնողներին, և Հայաստանի հետ որևէ նմանություն չունեցող երկրներից անտեղի և միագործոն օրինակներն անգիր արածներին,
- հանրության մեջ` տնտեսագետի, կամ «միջազգային փորձագետ»-ի համարում ստացած կիսաֆինանսիստ Էկոնոմետրիստներին, այդ թվում` բացառապես IMF-ին և իրենք իրենց հղումներ անողներին,
- ինչ-որ տարիներին իրենց պատկերացրած «փուչիկներ»-ից դեռևս բարբաջողներին (նախկինում մեկը սխալվեց և այլևս չկրկնեց` նրան չի վերաբերվում, կրկնողների մասին է խոսքը),
- Արցախը Հայաստանի տնտեսական տարածք չհամարողներին և թուրքական կապիտալի ներխուժմանը անպայմանորեն պատրաստվելու գաղափարին նվիրվածներին (վերջիններիս տեղեկացրեք, որ դեռ սահմանները փակ են, և հայտնի չէ, կբացվեն, թե` ոչ, կամ երբ կբացվեն, և ինչ պայմաններով` իրենց և թուրքերի ուզա՞ծ, թե Հայաստանին ձեռնտու...):
Վերը նշվածներն ընդհանրացվում են`
- Հայաստանում թուրքական սպառնալիքի և օրակարգի բացահայտ ակտիվացման պայմաններում` «... ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես պրոֆեսիոնալ եմ...» սկզբունքով առաջնորդվող «անհայրենիքներ» բնութագրվող այն տեսակի մեջ, որոնք մինչ օրս համարում են, որ իրենց ասած «աշխարհ»-ը խաղաղություն է պարտադրում, և ոչ թե նորանոր կոնֆլիկտներ ու պատերազմներ հրահրում:
Միամի՞տ են... Համոզված եմ` ոչ բոլորը:
Բոլորն էլ զգուշացված էին, և թող չզարմանան դեռևս թեթև կոպիտ տոնի համար: Բավական է...
Կհասունանաք, կամ չգիտեմ ինչպես ձեզ Հայ կհամարեք` նոր կկարդաք: Զգուշացումը` մեկնաբանություններում:
Իսկ հիմա` ըստ էության
Առանց մանրամասնելու` հարկերի, տուրքերի և այլ որոշ կարգավորումների մասին:
Խնդրում եմ չմեկնաբանել, պարզապես լուռ մտածել:
Տնտեսագիտության հետ որևէ առնչություն չունեցող, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունեցող վճարներ, տուրքեր, հարկատեսակներ և կարգավորումներ, որոնք լուրջ խոչընդոտներ են Հայաստանի (և ոչ միայն) տնտեսական զարգացման համար:
1. Շահութահարկի կանխավճար,
2. Ապրանքի արտահանման, կամ ներմուծման համար սահմանված «պետական տուրք» ( մաքսատուրքի և մաքսավճարի հետ չշփոթել ),
3. Հարկ շահութաբաժնից ( դիվիդենտից ),
4. Շքեղության հարկ ( ընդունվեց, չեղարկվեց, չի բացառվում, որ կրկին կընդունվի ),
5. Տնտեսական որևէ գործունեություն վարելու թույլտվություն ստանալու համար տարեկան պետական տուրք ( մեկանգամյան մի կերպ ընդունելի է, բայց տարեկանը` ոչ... ),
6. Ակցիզային հարկ,
7. Կանխիկ շրջանառության սահմանափակում,
և վերջապես, ամենամեծ տնտեսագիտական և հարկային թյուրիմացությունը`
8. «Ավելացված արժեքի հարկ»:
Նաև` մի մեծ խնդրանք...
Խնդրում եմ առանց խորամուխ լինելու չհարցնել`
« ... բա հարկային մուտքերն ինչպե՞ս ապահովենք...», «այսինչ երկրի մոդելը, այնինչ մոդելը...», «... Բա ԵԱՏՄ-ի կարգավորումները...», «Բա IMF-ը, բա Համաշխարհային բանկը, բա Fitch-ն ու Moodis-ը», «...բա ինչու՞ մինչև հիմա...», « ...բա ձեր ժամանակ...», «ֆրանսիացի Լորենը...», «Ֆրիդմանն ու Շտիգլիցը...», և այլն, կամ նմանատիպ հերթապահ, մաշված, անարդյունավետ և շատ հաճախ անհիմն հարցադրումներ :
Դրանց բոլորի հիմնավոր պատասխաններն էլ կան` առկա են:
Նաև` մի հարցրեք` իսկ ի՞նչ եք առաջարկում:
Կարճ կպատասխանեմ` պետություն-տնտեսվարող հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայենք...
Պարզապես` ինքնուրույն մտածենք, լուռ և հանգիստ մտածենք: Ուրիշ ոչինչ...
Մտածենք` հետո ավելի մանրամասն կխոսենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել