News.am-ը գրում է․
Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել։ Դոլարի կուրսն այս պահին 537 դրամ է։ Առեւտրային բանկերում 1 դոլարի առքը միջինում 532, իսկ վաճառքը՝ 538 դրամ է: Համեմատության համար նշենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ դոլարի առքը 530, իսկ վաճառքը՝ 534 դրամ էր։
Դրամի արժեզրկումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդած պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամով։ 2020թ.–ին Հայաստանի տնտեսությունը գրանցել էր 7, 6 % անկում։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում հիշեցնում է, որ 2020թ. մարտին, կորոնավիրուսով պայմանավորված դրամը կտրուկ արժեզրկվեց մինչեւ 530 դրամ։ Կենտրոնական բանկն այդ ընթացքում տնտեսության մեջ ներարկեց 122 մլն դոլար, որը կայունացրեց դրամի կուրսը եւ նվազեցրեց այն։ Բայց պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ մարդիկ դրամը վերածեցին դոլարի, կամ էլ իրենց գումարն արտահանեցին։
«Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021թ. հունվար–փետրվար ամիսներին, դեպի ԱՄՆ դոլարի արտահանումը ավելացել է։ Մենք դոլար ենք արտահանում, քանի որ չենք վստահում տվյալ պահին Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կայունությանը եւ այս միտումները շարունակվում են։ Ակնհայտ է, որ մարդիկ մտածում են՝ դրամն ավելի է արժեզրկվելու, եւ դոլար գնելը նրանց համար դարձել է որոՇակի սպեկուլյացիայի առիթ։ Նրանք դոլար են գնում, որպեսզի հետագայում ավելի թանկ վաճառեն, կամ ուղղակի իրենց գումարը չարժեզրկվի»,– ասաց Պարսյանը։
Ադրբեջանի՝ Արցախի դեմ պատերազմ սկսելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28–ին, Հայաստանի առեւտրային բանկերում դոլարի առքը միջինն արժեր 484, իսկ վաճառքը 490 դրամ։ 44–օրյա պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 23–ի դրությամբ, դոլարի առքը հատեց 500 դրամի շեմը, կազմելով 504, իսկ վաճառքը՝ 514 դրամ։
Այս ֆոնին, դեռեւս երկու ամիս առաջ, Կառավարության նիստերից մեկի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս եւ այլ նմանատիպ հայտարարությունները իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, պետք է հիմնավոր լինեն, հակադարձում է Սուրեն Պարսյանը։
«Հուսով եմ՝ Կառավարությունը չի փորձի մարտ ամսի պաշտոնական վիճակագրությունը եւս խեղաթյուրել, ցույց տալով՝ տեսեք, ճգնաժամը նահանջում է, քանի որ այդպիսի միտումներ են նկատվում վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց հայտարարությունների միջոցով, թե մարտին առեւտրաշրջանառությունն աճել է, նման հայտարարությունները տեղին չեն։ Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ գնաճը արագ տեմպերով զարգանում է, պաշտոնական վիճակագրությամբ, աճը հասել է 5, 2 %-ի»,– նշեց նա։
Դրամի արժեզրկումն իր հերթին առաջացնում է գնաճ, որից խուսափելու համար, տնտեսագետն առաջարկում է տեղում արտադրել ներկրվող ապրանքը։
«Սա մեկ կամ երկու ամսվա հարց չէ, սա տնտեսական քաղաքականության հարց է։ Մենք պետք է գնահատենք եւ հասկանանք, որ մեր ապրանքները, որոնք կարող ենք արտադրել Հայաստանում, պետք է արտադրվեն, ոչ թե ներկրվեն։ Ներկրման փոխարինման քաղաքականությամբ կթուլացնենք գնաճային ճնշումները եւ դրանք չենք կապի, օրինակ, Ռուսաստանում ապրանքների գնի աճի հետ։ Նման ճգնաժամերի ժամանակ, երկրի ինքնաբավությունը թույլ է տալիս ավելի հեշտ հաղթահարել իրավիճակը, ոչ թե բնակչությանը տանել ավելի աղքատացման»,– ասաց նա։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները եւս բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Տնտեսագետի խոսքով՝ անորոշությունը տնտեսավարողներին դրդում է սառեցնել ներդրումները։ Դրա վառ օրինակներից մեկն ըստ Պարսյանի՝ «Ռենկո» ընկերության կողմից ջերմաէլեկտրակայանի կառուցման նախագծի չեղարկումն էր։
Տնտեսագետը նշեց, որ նոյեմբերից սկսած Կենտրոնական բանկը վերսկսել է դոլար ներարկել տնտեսության մեջ։ Մասնավորապես, նոյեմբերին՝ 61, դեկտեմբերին՝ 50, հունվարին էլ 46, 8 մլն դոլար։
«Կենտրոնական բանկն արդեն ծախսել է մոտ 150 մլն դոլար՝ դրամի կուրսը կայունացնելու համար։ Վստահ եմ՝ փետրվարին եւ մարտին էլ ավելի շատ գումար է ներարկել տնտեսության մեջ, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։ Կառավարությունը հասկանում է, որ չեն կարողանում դրսից գումար, ներդրում բերել, դրանք ի հաշիվ արտարժութային պահուստների եւ պետական պարտքի ավելացման են անում։ 2021թ. հունվարին 750 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը եւ այդ պարտքերի հաշվին մենք կարողանում ենք որոշակի մակարդակում կայունացնել դրամը»,– ասավ Սուրեն Պարսյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ