2020թ․ նոյեմբերի 9֊ին կնքված կապիտուլիացիոն պայմանագրից հետո ներհայաստանյան կյանքում անընդմեջ շրջանառվում է խաղաղության վերջնական հաստատման անհրաժեշտության մասին կոչեր, և տարատեսակ մերձիշխանական ու նույնիսկ բարձրաստիճան անձինք հանդես են գալիս մեր ժողովրդի մի հատվածի համար բավական խորթ հայտարարություններով։ Մոտ մեկ տարի առաջ հնարավոր չէր էլ լինի պատկերացնել, որ Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ կարող են հնչեցնել, ասենք, Շուշիի, Քարվաճառի կամ Արցախի այլ տարածքների ադրբեջանական պատկանելիության մասին աբսուրդային մտքեր։
Այնուամենայնիվ սա փորձում են մատուցել, որպես սպասվելիք խաղաղության համար նախապայման, գուցե ոչ շատ բաց տեքստով, բայց գոնե ակնարկներով։ Այսինքն մենք այլևս որևէ խնդիր չպե՞տք է ունենանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հետևաբար չպե՞տք է խոսենք օկուպացված տարածքների վերաբերյալ մեր պահանջատիրության մասին։
Ճիշտ հակառակը։ Հանուն արդարության պետք է նշել, որ «խաղաղության» վերաբերյալ այս կեղծ օրակարգը տարիներ, նույնիսկ տասնամյակներ ի վեր տարբեր շրջանակներ բերել են Հայաստանի տեղեկատվական դաշտ, և նրանց հաջողվել է հայաստանցիների մի հատվածի շրջանում ձեռք բերել նաև համակիրներ։ Ու սա այն դեպքում, երբ տարիներ ու տասնամյակներ ի վեր Ադրբեջանը զինվում և պատրաստվում էր գալիք պատերազմին, տոգորված ռևանշիստական ոգով։ Իրականում քչերն էին հասկանում, որ խաղաղասիրության այս կեղծ օրակարգը շատ թանկ է նստելու Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի անվտանգության ու հետագա կենսագործունեության վրա։ Այս օրակարգի տրամաբանական շարունակությունն էր 2018թ. իշխանազավթումը, 2020թ․ Արցախյան պատերազմի տխուր վերջաբանն ու դրան հաջորդած իրադարձությունները։ Եվ տարօրինակն այն է, որ շատ շատերը չեն տեսնում և գիտակցում իրականությունն ու իրական վտանգները նույնիսկ հիմա։ Ու սա այն դեպքում, երբ ագրեսիվ խաղաղասիրական քարոզը հասել է իր գագաթնակետին․ որոշ անձինք և շրջանակներ, վայելելով հայաստանյան իշխանական շրջանակների կատարյալ աջակցությունը, անթաքույց առաջ են բրդում կործանարար թեզեր։
Իսկ այդ միջոցին Ադրբեջանում կարծես չեն էլ պատրաստվում կասեցնել կամ գոնե մի քիչ նվազեցնել հակահայկական քարոզն ու քաղաքական գիծը։
Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են, որ Հայաստանը հին թյուրքական տարածք է, պատմական արդարությունը պետք է վերականգնել և այլ հակահայկական թեզեր։
Բացի դրանից Ադրբեջանն ու Թուրքիան 2020թ․ նոյեմբերից հետո բավական ակտիվացրել են իրենց ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչը արտահայտվում է նույնիսկ Թուրքիայի կողմից Ադրբեջան ներկրվող զինատեսակների ծավալով։
Այսպես, օրինակ, 2020թ․ Ադրբեջանը Թուրքիայից ձեռք է բերել մոտ 260 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք սպառազինություն և տեխնիկա, իսկ արդեն 2021թ․ անցած ամիսների ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել արդեն մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական ռազմական տեխնիկա։ Թե որքան տեխնիկա ձեռք կբերի Ադրբեջանը մինչև այս տարվա վերջ, մնում է միայն գուշակել։
Բացի այդ Ադրբեջանն ու Թուրքիան արցախյան 44 օրյա պատերազմի ավարտից հետո անցկացրել են արդեն մի քանի համատեղ զորավարժություն, ինչին, կարծես առանձնապես կարևորություն չեն տալիս Հայաստանի իշխանությունները։
Չնայած պետք է նշել, որ 2020թ․ սեպտեմբերին սկսված պատերազմին նախորդել են հենց զորավարժություններ և պահեստազորայինների հավաքներ Ադրբեջանում։
Ու պարզ հարց է առաջանում, եթե մենք շարժվում ենք խաղաղության ճանապարհով, ինչո՞ւ են մեր հարևան երկրները անընդմեջ համատեղ զորավարժություններ անցկացնում։
Ի՞նչ արձագանք կա Հայաստանում։
Ադրբեջանն ու Թուրքիան նույնիսկ չեն էլ թաքցնում, որ նկրտումներ ունեն Հայաստանի հանրապետության տարածքների՝ մասնավորապես Սյունիքի նկատմամբ և հարմար պահին կփորձեն ռազմական ինտերվենցիայի միջոցով օկուպացնել Հայաստանի աշխարհագրական ողնաշարը։ Իլհամ Ալիևը անթաքույց հայտարարում է, որ Զանգեզուրը իրենց պատմական տարածքն է, ասում է, որ Հայաստանին բանակ պետք չէ։ Մինչդեռ պաշտոնական Երևանը լռում է և չի պատասխանում այդ բարբաջանքներին։
Արդյո՞ք մեզ պատրաստում են նոր կործանիչ «խաղաղության»։ Երևի հույս ունեն, որ թուրքերի հետ առևտուր անելն ու քաղաքական «սիլիբիլին» մեզ նոր ցեղասպանությունից փրկելու երաշխիքներ են։
Չնայած հաշվի առնելով Հայաստանի իշխանական շրջանակների տարբեր ներկայացուցիչների անցյալն ու նրանց կապերը արտաքին և ոչ բարեկամական երկրների հատուկ ծառայությունների հետ, կարելի է վստահորեն պնդել, որ այս գործընթացներն օրինաչափ են։ Ոչ մի հայտարարություն և խոսք հենց այդպես չի արվում։
Դե իսկ այս խաղի վերջնական նպատակն է դուրս բերել Ռուսաստանին տարածաշրջանից։ Իսկ թե ռուսների դուրս գալուց հետո ովքեր են նրանց փոխարինում, կարող ենք տեսնել թեկուզ Վրաստանի օրինակով։ Ինչպես նույն ռուսներն են ասում, «սուրբ տեղը դատարկ չի մնում»։
Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե մենք ընդհանրապես նպատակ ունենք ոտքի կանգնելու։
Խորապես վերլուծել թուրք֊ադրբեջանական ռազմական փոխգործակցության բոլոր կետերը, դրանց հավանական սպառնալիքներն ու հնարավոր բոլոր սցենարները։
Մանրամասն վերլուծության ենթարկել 2020թ․ սեպտեմբեր֊նոյեմբեր ամիսներին ընթացող մարտական գործողությունները։
Անմիջապես ձեռնամուխ լինել երկրի զինված ուժերի վերակենդանացմանը։ Այդ ուղղությամբ կարևոր քայլերից կլինի պահեստազորում հաշվառված բոլոր արական սեռի ներկայացուցիչների ընդգրկումը տարատեսակ վարժանքներին և պարապմունքներին։ Բայց դա պետք է արվի կանոնավոր կերպով այլ ոչ այնպես, ինչպես եղել է տարիներ ի վեր։
Պետք է մշակվի նորագույն գերճշգրիտ զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման և հնարավոր արտադրության ռազմավարություն։
Պետք է արանձնահատուկ ուշադրության արժանացնել հատուկ նշանակության ուժերի պատրաստությանն ու դրանց թվաքանակի զգալի ավելացմանը։
Կարճ ասած, մեզ անհրաժեշտ է իրականություն դարձնել ազգ֊բանակ կոնցեպտը։ Ի դեպ այն հաջողությամբ կյանքի է կոչվել մի շարք երկրներում, և կարելի է ու անհրաժեշտ է ուսումնասիրել նաև նրանց փորձը։ Բացի դրանից շատ կարևոր է, և նույնիսկ կարելի է ասել առաջնային հարց է մարդկանց բարոյահոգեբանական վիճակի բարելավումն ու անձնազոհության գաղափարի լայն քարոզչությունը։ Մարդը պետք է պատրաստ լինի զոհել իրեն հանուն հայրենիքի, հանուն հողերի պահպանման և ազատագրման, որքան էլ որ այս խոսքերն հետևողականորեն արժեզրկվել են հատկապես վերջին տարիներին:
Այլ ճանապարհ մենք չունենք։ Կամ վերածվում ենք ամրոցի, կամ վերանում ենք պատմական ասպարեզից որպես ոչ կենսունակ սուբյեկտ։
Իսկ «25 հազար զինվորի կյանք փրկելու» համար պատերազմը դադարեցնելու մասին և դրա նման այլ թեզերը պետք է նետվեն պատմության աղբանոցն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել