Սատանան ի՞նչ գործ ունի լույսի հետ.
Էդմոն Մարուքյանը հրապարակել է իր գրությունը Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով վերջինիս միջնորդությամբ դիմել ՀՀ նախագահին՝ Կոմանդոսին շնորհելու ՀՀ բարձրագույն՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում: Այն, որ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը ոսկե տառերով է գրված մեր պատմության մեջ ու այդպես էլ մնալու է հայ ժողովրդի հիշողության մեջ, ակնհայտ է՝ նման կոչում երբևէ նրան շնորհվի, թե ոչ. այդ կոչումը մեր ժողովուրդը Կոմանդոսին վաղուց տվել է:
Ինձ զարմացնում է լրիվ ուրիշ բան: Եթե Էդմոն Մարուքյանի ընկալումներում Կոմանդոսը հերոս է, որովհետև Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն է ղեկավարել, ապա ո՞վ կամ ի՞նչ է նա, ում ղեկավարությամբ հանձնվել է նույն Շուշին, ապա նաև որակվել իբրև դժգույն և դժբախտ քաղաք: Ինչպե՞ս կարելի է մարդասպանին առաջարկել գնահատել իր զոհի կյանքի արժեքը:
Կամ, եթե Նիկոլ Փաշինյանն արդեն ՀՀ Ազգային հերոսի կոչում է շնորհել ԱԻ նախարար Փիլոյանին՝ պատերազմում ձախողվելու ու տարածքներ զիջելու համար, ապա այդ ո՞ր տրամաբանությամբ է բարոյական, որ նույն անձը նույն բարձրագույն կոչումը շնորհի դրա լրիվ հակառակն արած զորահրամանատարին՝ Կոմանդոսին: Չէ՞, որ չեն կարող պատերազմում և՛ հաղթած և՛ պարտված հրամանատարները երկուսն էլ հերոս լինել միևնույն վարչապետի համար:
Հ.Գ. Էդմոն, եթե Նիկոլին առաջարկ ունես, ապա բարեկամաբար ասա թող կիլոմետրերով հեռու մնա այն ամենից, ինչը դեռ տեսականորեն ապագայում կարող է համախմբել ծնկի բերված հայ ժողովրդին՝ պատերազմի հիշողություն, իրական հերոսներ, ֆուտբոլ և այլն: Սատանան ի՞նչ գործ ունի լույսի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել