2020-ի պատերազմի հետևանքները ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը ձևակերպել են որպես ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ և ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ՝ առանց հաշվի առնելու, թե ինչ նշանակություն ունեն այդ բառերը։
Հայ քաղաքական գործիչները պետք է իմանան վերոնշյալ բառերի միջազգային իրավական ձևակերպումները, եթե խոսքը վերաբերում է պատերազմին։
Պարտության դեպքում պատերազմող կողմերից մեկը անվերապահ և ամբողջովին ընդունում է իր ձախողումը և դա ստորագրում փաստաթղթում։ ՀՀ վարչապետի ստորագրած փաստաթուղթը ընդամենը հայտարարություն է՝ առանց իրավական ուժի, և այնտեղ խոսք չկա պարտության կամ կապիտուլյացիայի մասին։
Կապիտուլյացիայի դեպքում պարտվող կողմի զինված ուժերը և զենքը հանձնվում են հաղթող կողմին։ Պարտվող կողմի ողջ սպառազինությունը հանձնվում է հաղթող կողմի տնօրինմանը, ամբողջ զորքն էլ հաղթողին է հանձնվում որպես գերի։
Կապիտուլյացիայի դեպքում հաղթող կողմը կարող է պարտված պետության գերագույն իշխանությունը ժամանակավորապես վերցնել իր ձեռքն ու հաստատել օկուպացիոն ռեժիմ։
Հիմա խնդրում եմ՝ ասեք, թե կա՞ արդյոք այդպիսի իրավիճակ մեզանում։ Եթե չկա, ինչո՞ւ ենք ինքներս մեզ տանջում «պարտություն» և «կապիտուլյացիա» բառերով։ Հաշվի առեք, որ այդ բառերով դուք վնասում եք ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ հեղինակությանը, այն զինվորի, ով ՉԻ ՊԱՐՏՎԵԼ։
Ի վերջո, պետք է հասկանանք, որ բառերը ուժ ունեն, դրանք մտնում են հանրային գիտակցության մեջ և դառնում կյանքի և հոգեբանության ուղեկից։ 1994-ին կրած իրական պարտության պարագայում Ադրբեջանում այդպես էլ չկիրառեցին «պարտություն» տերմինը՝ պատրաստվելով ապագա հաջողությունների։ Թշնամին հասկանում է հանրային հոգեբանության կարևորությունը։
Առաջարկում եմ մեզանում մերժել «պարտություն» և «կապիտուլյացիա» բառերը՝ դրանք փոխարինելով «ռազմական ձախողում» բառակապակցությամբ։ Ի վերջո, ձախողում բոլորն են ունենում, և դա կարելի է շտկել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158178554033831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել