Verjin ocum

Ի՞նչ է Կարգ հիվանդաց անվանվող խորհուրդը։
- Հիվանդությունը, որ կողմից էլ դիտելու լինենք, իր ծագումով հետևանքն է մարդու տգիտության և սխալների, ինչպես ասվում է՝ նրա կամա-ակամա գործած մեղքերի։ Կան հիվանդություններ, որոնք ժառանգական են, կան հիվանդություններ էլ, որոնց պատճառը մենք ենք։
Եթե մարդիկ ապրեին շնորհի կյանքը իրենց աստվածային նկարագրի համեմատ, չէին հիվանդանա։ Ուրեմն,մարդկանց հակաաստվածային կյանքն ու կենցաղն են պատճառը նրանց հիվանդությունների։ Ուրիշ խոսքով, հիվանդը մեղավոր մարդն է, որ հեռացել է Աստծուց։ Հետևաբար, մեղավորը պետք է խոստովանի իր մեղքերը և զղջա, իսկ Եկեղեցին՝ աղոթի, որպեսզի հիվանդը խոստովանությամբ թեթևանա և աղոթքով
զորանայ։ Այս է Հիվանդաց կարգը, որ սկզբունքով նույնանում է Ապաշխարության խորհուրդի հետ։
Ի՞նչ է հիվանդաց օծումը։
- Հիվանդներին յուղով օծելը հրեական հին սովորություն էր, որ շարունակվեց նաև առաքելական ժամանակների Եկեղեցում։ Երբ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին իշխանություն տվեց և առաքեց նրանց, որպեսզի դաստիարակեն ժողովուրդներին, Մարկոս ավետարանիչն ասում է, որ նրանք քարոզում էին, յուղով օծում հիվանդներին և բժշկում նրանց [տե՜ս Մարկ. Զ 12-1, Մատթ. Ժ 1]։ Իսկ Հակոբոս առաքյալն ասում է. «Հիվա՞նդ է ձեզանից մեկը, թող կանչի Եկեղեցու երեցներին, և նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եվ հավատքով արված աղոթքը կփրկի հիվանդին, Տերը ոտքի կկանգնեցնի նրան, և եթե մեղք գործած լինի, այդ կներվի նրան»[Հակ. Ե 14-15]։
Հարկ է նշել, որ այս խորհուրդը սխալաբար, կամ ավելի ճիշտ հետևելով լատիններին անվանվել է վերջին օծում: Սակայն ուղղափառ մոտեցումը այս խորհուրդին այլ է: Այն ոչ թե սոսկ վերջին օծում է, այլ օծում է բժշկության համար, որպեսզի մարդը հնարավորություն ունենա վերստին առողջանալու հոգով և մարմնով: Այդ պատճառով էլ այն պետք է կոչել օծումն կամ կարգ հիվանդաց:
Ուրեմն, ինչո՞ւ հիմա հիվանդներին չեն օծում։

- Մեր Եկեղեցում հիվանդների օծում կատարվել է։ Հետո այն խափանվել է շատ տրամաμանական պատճառով, որովհետև մարդիկ չգիտեն՝ երբ, որտեղ, ինչպես պիտի հիվանդանան և մեռնեն. տա՞նը, ճամփորդելի՞ս, հանկա՞րծ, թե՞ երկարատև կամ կարճատև հիվանդությունից, որևէ արկածի՞ց, թե՞ թշնամու ձեռքով։ Եվ որպեսզի հավատացյալներն առանց բացառության չզրկվեն Վերջին օծումից, մեր Եկեղեցում այն միացված է Առաջին օծումին, այսինքն՝ Դրոշմին։
Մկրտվածների ո՞ր տեղերն են դրոշմվում։
- Ճակատը, սիրտը, թիկնամեջը, ինչպես նաև աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը և ոտքերը։ Առաջին երեքը Դրոշմի խորհուրդի նշաններն են իսկ մնացածը՝ Վերջին օծումի։

Ե՞րբ է դադարել Վերջին օծումի առանձին կատարումը մեր Եկեղեցում։

- Գրիգոր Տաթևացուց (+1410) շատ առաջ, որովհետև այս նշանավոր վարդապետն իր «Գիրք հարցմանց»-ում (էջ 604-605) բացատրություններ է տալիս այս մասին և ասում. «Մկրտվողի վրա Առաջին օծումը (Դրոշմը) և Վերջին օծումը միասին ենք կատարում»։ Եվ նշում է, որ խոստովանությունը Հիվանդաց կարգի համար անհրաժեշտ նախապայման է։ Ուրիշ Եկեղեցիներ այն վերացրել են և պահպանել միայն յուղով օծումը, և հավատացյալները, փոխանակ խոստովանությամբ սրբվելու, իրենց հույսը դրա վրա են դնում՝ ասելով՝ վերջին օրը բալասանի ձեթով կօծվենք և կարդարանանք։ Ահա թե ինչու Եկեղեցու հայրապետները նպատակահարմար համարեցին վերացնել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել