Նորբերտ Վիները Կիբերնետիկայի հիմնադիրն է, մաթեմատիկոս, ֆիզիկոս, արհեստական բանականության «հայրը» և բազմակողմանի զարգացած մարդ։ Ծնվել է 1894 թ. նոյեմբերի 26-ին Կոլումբիա քաղաքում։ Ծնողները կիրք անձինք էին. հայրը՝ Լեո Վիները, բժշկություն ու ինժեներիա էր ուսումնասիրում, բանասիրություն էր դասավանդում, առաջին մարդն էր, ով Լև Տոլստոյի ստեղծագործությունները թարգմանել է անգլերեն։ Մոր նախնիները գաղթել էին Գերմանիայից։ Նա ուներ շատ երեխաներ և ժամանակը տրամադրում էր վերջիններիս դաստիարակությանը։

Տղայի ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվեց Քեմբրիջ։ Լեո Վիներն սկսեց դասավանդել Հարվարդում։ Մանկավարժական ջիղը փոխանցվել էր նաև որդուն, ով տանն էր կրթվում՝ հոր մեթոդներով։ Խաղալիքների փոխարեն փոքրիկ Վիներին գրքեր էին տալիս։ 4 տարեկանում նա արդեն մի քանի պատմություն էր կարդացել, իսկ 7-ում Դանթեին էր մեջբերում։ Արագացված ծրագրով դպրոցն ավարտելուց հետո տղան ընդունվեց հեղինակավոր քոլեջ և 14 տարեկանում այն ավարտեց գերազանցությամբ։

15 տարեկանում տղան գիտություն էր ուսումնասիրում Հարվարդում և Կոռնելի համալսարանում։ Նրան հատկապես գրավում էր մաթեմատիկան, սակայն նաև լեզուներ էր ուսումնասիրում և շատ կարդում։ Մյուս ուսանողների հետ նա լեզու չէր գտնում, և Նորբերտին շատերը ծաղրում էին, ինչի հետևանքով տղան «ներքին կաշկանդվածություն և նևրոզներ ուներ»՝ ըստ իր իսկ նկարագրության։

Չհասկացված ու մերժված լինելու վախը փչացրին երիտասարդ գիտնականի կյանքը։ Նա ստիպված էր մի քանի աշխատանք փոխել, զինվորական ծառայության համար ոչ պիտանի դառնալ։ Նորբերտ Վիները դժբախտ էր, չնայած որ շատ էր ճանապարհորդում և ինքնազագանում, մինչև որ որպես դասախոս իր գործունեությունը չսկսեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում։

1926 թ. ևս մի երջանիկ դեպք տեղի ունեցավ. նա ամուսնացավ Մարգարետ Էնգեմանի հետ, ով պրոֆեսորի կյանքի իրական ընկերը դարձավ։ Նրանք ամենուր միասին էին գնում։ Ամուսնական տարիներին հանճարն սկսեց զբաղվել գիտության բոլոր ուղղություններով, ծանոթացավ ժամանակի մեծագույն ֆիզիկոսների հետ։ Շնորհիվ Վիների՝ ի հայտ եկավ սարքերի և կենդանի օրգանիզմների միջև կապի տեսությունը, ապա՝ կիբերնետիկան։ 1948 թ. նա հրատարակեց կիբերնետիկայի դասագիրք, որը դարձավ յուրաքանչյուր ուսանողի սեղանի գիրքը։

1964 թ. Վիներին պարգևատրեցին Ազգային գիտական մեդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել