Նիկոլը, ինչպես գիտեք, ավանդույթ է դարձրել ապշեցնել մասնագետներին և ընդհանրապես ռազմական ոլորտով հետաքրքրվողներին սպառազինության մասին անհեթեթ հրապարակային հայտարարություններով։
Ուրեմն հազիվ էր հանդարտվել «10%-ով պայթած Իսկանդերի» միջպետական սկանդալը, երբ հիմա էլ փորձեց արդարանալ պատերազմում Սու-30ՍՄ կործանիչները չկիրառելու համար։
Փաշինյանի կատարմամբ Սու-30ՍՄ-երը մե՛կ «բոլոր թիրախները խոցում են բարձր ճշգրտությամբ» [3 հուլիսի 2020թ․], մե՛կ պարզվում է, որ հրթիռներ չկան, որովհետև «չենք հասցրել առնել» [22 մարտի 20201թ․], ինչի համար, իհարկե, նախկիններն են մեղավոր, մե՛կ էլ պարզվում է, որ նախկիններից ինչ-որ հրթիռներ այնուամենայնիվ կային [24 մարտի 20201թ․]։ Այդպիսի Շրոյդինգերի հրթիռներ են։
Իրականում ինչ է եղել և ինչ էր կարելի ու պետք անել։
Ինչպես ասեցի, Սու-30ՍՄ-երի մասին քննարկումների նոր ալիքի սկիզբը Նիկոլը դրեց մարտի 20-ին Օհանավան գյուղում ելույթի ժամանակ, երբ հայտարարեց, թե․ «Այո, մենք ինքնաթիռը առել ենք, մայիսին ա ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել»։
Պիտի խոստովանեմ, որ մինչև այս ելույթը ես ինքս Սու-30ՍՄ-երի համար հրթիռների բացակայության մասին լուրերին միշտ վերաբերվել եմ խիստ թերահավատորեն՝ համարելով, որ դրանք զուտ քաղաքական շահարկումներ են։ Որովհետև ուղղակի անհնարին է պատկերացնել, որ որևէ մեկը գնի զենք՝ ժամանակին չհոգալով զինամթերքի հարցը։ Վախենամ, որ համաշխարհային ողջ պատմությունում անհնար լինի գտնել երկրորդ նման օրինակ։
Այնուհետև, արդեն ԱԺ-ում մարտի 24-ին անդրադառնալով նույն հարցին՝ Նիկոլը նաև փորձեց բացատրել, թե ինչու հրթիռները չեն ձեռք բերվել․ «․․․ ինքնաթիռի և տարբեր մոդիֆիկացիայի հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն` նույն տեղում չի արտադրվում, և հետևաբար անհրաժեշտ է լինում դրանք, ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական տարբեր սուբյեկտներից ․․․»։
Համացանցի ամերիկյան տիրույթում հայտնի մեմ կա՝ Captain Obvious, որը նաև ռուսական տիրույթում է տարածվել Капитан Очевидность անվամբ։ Captain Obvious-ը ամերիկյան կոմիքսների մոտիվներով ծնված պերսոնաժ է, որը պատրաստ է ցանկացած բանավեճում օգնության հասնել կողմերից մեկին՝ ակնհայտ իրողություններ արձանագրելով․ ենթադրենք «գետն ունի երկու ափ»: Եվ ահա, այս անգամ Կապիտան Ակնհայտության դերը ԱԺ ամբիոնից ստանձնել էր Փաշինյանը, տեղեկացնելով հանրությանը, որ ինքնաթիռն ու հրթիռը, պարզվում է՝ տարբեր գործարաններ են արտադրում։ Գիտեք՝ երբեմն լինում է անգամ, երբ զենք ու զինամթերքը արտադրում են տարբեր երկրներ։ Ավելի զարհուրելի բաներ էլ են պատահում, երբ որևէ զենք համատեղ արտադրում են մի քանի երկիր։ Եվ ի՞նչ... Ինչո՞վ է այդ պարզ իրողությունն այդքան ցնցել Փաշինյանին։
Սակայն ինչը բնավ այս ամենից ակնհայտ չէ, դա այն է, թե ինչո՞վ է այդ ակնհայտ փաստն արդարացնում կամ գոնե բացատրում ժամանակին հրթիռները չգնելը։ Իրականում սա ցուցադրում է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ինչ անմխիթար ցածր մակարդակում է պետական քաղաքականության պլանավորումը։ Ավելի ճիշտ՝ պլանավորում որպես այդպիսին ուղղակի գոյություն չունի, իսկ փոխարենը կան միայն «պահի ազդեցության տակ» կայացված հապճեպ, երբեմն իրարամերժ որոշումներ։
Իսկ ի՞նչ էր պետք անել։ Եթե ընդունվել էր կործանիչ ավիացիա զարգացնելու մասին քաղաքական որոշում (որն ինքնին ճիշտ որոշում է), ապա դա բնավ չի նշանակում, որ պետք էր անմիջապես վազել ինքնաթիռները պատվիրելու։ Կործանիչ ավիացիան կախարդական փայտիկ չի, որ հենց ձեռքդ գցես, բոլոր հարցերն ավտոմատ լուծվում են։ Ոչ էլ շոկոլադի սալիկ է, որ սիրտդ ուզեց՝ մտնում ես խանութից առնում։
Այնպես որ այդ քաղաքական որոշմանը պիտի հաջորդեր ողջամիտ ժամանակացույցի կազմում, որում պիտի նշված լիներ՝ քայլ առ քայլ, թե երբ են պատվիրվում ինքնաթիռները; երբ և ումից է գնվում զինամթերքը ու ինչ զինամթերք է գնվում; երբ է սկսվում օդաչուների վերապատրաստումը; երբ են օդաչուները սկսելու մարտական կրակով վարժանքները; ինչ ու երբ է անհրաժեշտ ավելացնել ռազմաբազաների ենթակառուցվածքներին ևն, ևն։
Նկատենք, որ նշված կետերից յուրաքանչյուրն էլ իր հերթին առանձին պլանավորում է ենթադրում։ Օրինակ՝ զինամթերք ընտրելուց պիտի հաշվի առնել, թե որոնք են այն ամենակարևոր մարտական խնդիրները, որոնք մեր պայմաններում պիտի առաջադրվեն կործանիչ ավիացիային։
Նաև պլանավորման ժամանակ պիտի հաշվի առնվեր ինչպես ինքնաթիռի, այնպես էլ գնվող հրթիռների ու սարքավորումների արտադրական ցիկլերի տևողությունը և արտադրող գործարանների ծանրաբեռնվածությունը։ Ու առհասարակ, բոլոր այն դեպքերում, երբ ժամանակացույցում ներառված քայլերի կատարումը կախված է գործընկերներից, համապատասխան բանակցությունները պիտի վարվեին նախապես։
Եվ վերջապես, քանի որ Սու-30ՍՄ-երի գնումն ինքնանպատակ չէ (թեպետ շատերն իրավունք ունեն սրանում կասկածել), նախապես պիտի պլանավորված լինի նաև դրանց մարտունակության բերելու պրոցեսը, ինչը ևս ժամանակատար է։
Սա նշանակում է, որ նախ՝ գնումները պիտի այնպես պլանավորվեին, որ դրանք չխոչընդոտեին ստորաբաժանումը մարտունակության հասցնելու պրոցեսին։ Ու մասնավորապես անթույլատրելի է, օրինակ՝ օդաչուների ուսումնական թռիչքների դադարեցումը․ յուրաքանչյուր օդաչու պիտի հնարավորություն ունենա կատարել տարեկան նվազագույն պլանային ուսումնական թռիչքները, այդ թվում՝ սպառազինության կիրառմամբ թռիչքները։ Անհրաժեշտ սպառազինության բացակայությունը նույնիսկ խաղաղ ժամանակ նշանակելու էր, որ օդաչուները չեն կարողանալու ձեռք բերել ու պահպանել մասնագիտական անհրաժեշտ հմտություններ։
Եվ երկրորդ․ հաշվի առնելով, որ կործանիչ ավիացիայի կայացումը երկարատև ու թանկարժեք պրոցես է, ժամանակացույց կազմելուց պիտի գնահատվեր նաև, այդ ողջ ընթացքում մենք արդյո՞ք ի վիճակի լինելու ենք հոգալ մեր բանակի ու անվտանգային մյուս կարիքները։ Եթե ոչ, ապա ժամանակացույցում պտի շտկումներ մտցվեին։
Ու այս ամբողջ նախապատրաստական աշխատանքն անելուց հետո նոր միայն պիտի պրոցեսի մեկնարկը տրվեր։ Հենց այս պատճառով է, որ աշխարհում որևէ զինատեսակի գնման համար բանակցությունները սովորաբար բավականին երկար են տևում, հատկապես եթե խոսքը մարտունակության հասնելու մեծ ցիկլ ունեցող սպառազինության մասին է։ Մարդիկ սկզբում բանակցում են և ձեռք են բերում քաղաքական համաձայնություն, այնուհետև սկսում են բանակցել զենքի ու զինամթերքի, ինչպես նաև անհրաժեշտ այլ սարքավորումների ու պիտույքների արտադրողների հետ, հստակեցնում են անձնակազմերի պատրասմտան հարցերը, հստակեցնում ժամկետները ու բազմաթիվ այլ դետալներ։
Իսկ մեր պարագայում մենք այսօր Նիկոլի ելույթների շնորհիվ եզրակացնում ենք, որ նման պլանավորման հետք անգամ չի եղել։ Կամ էլ, եթե եղել է նախկին իշխանություններից մնացած, ուղղակի անտեսվել է։
Վերջում մի երկու բառ էլ ասեմ Սու-30ՍՄ-երի զինանոցի մասին։ Մամուլում արդեն խոսվել է, որ վարժանքների ժամանակ օգտագործվել են չկառավարվող ավիառումբեր ու 80մմ չկառավարվող Ս-8 տիպի հրթիռներ, որոնք մեզանում առավել հայտնի են ռուսերեն հապավումով․ НУРС։ Ոչ առաջինները, ոչ էլ հատկապես երկրորդները այն զինամթերքը չեն, որը կիրառելու համար պետք էր Սու-30ՍՄ գնել։
Դրանց փոխարեն Սու-30ՍՄ-ի զինանոցում կան բազմաթիվ այլ միջոցներ, որոնք իրարից տարբերվում են ըստ իրենց տիպի (ռումբ/հրթիռ), հեռահարության (կարճ, միջին, հեռու), կառավարման (կառավարվող/չկառավարվող), ուղղորդման սկզբունքի (ինֆրակարմիր, ռադիոտեղորոշման, լազերային, ջերմային ևն), մարտական մասի (ֆուգասային, բեկորային ևն), թիրախի գտնվելու վայրի (օդ, մակերևույթ) ևն։
Ու այս նշածս հատկություններից գրեթե ցանկացած կոմբինացիայով զինամթերք գոյություն ունի ու հաճախ մի քանի մոդել։ Ընդ որում՝ որոշ տեսակների համար Ռուսաստանից բացի այլ արտադրողներ նույնպես կան․ Ուկրաինա, Գերմանիա, Չինաստան։
Այնպես որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ուներ ընտրելու և գնումները արդյունավետ պլանավորելու բավականին լայն հնարավորություններ։ Ու ի դեպ, հյսօր համացանցում տարածվեց մեր Սու-30ՍՄ-երի լուսանկար՝ “օդ-օդ” տիպի Ռ-27 ու Ռ-73 հրթիռներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել