Pastinfo.am-ը գրում է.

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից կիրառված բռնության դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Փայլակ Ֆահրադյանի փաստաբան Սոսե Չանդոյանից։

Հիշեցնենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից հարձակման է ենթարկվել մարտի 18-ին՝ Երևանում գործող սրճարաններից մեկում ։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է նախարարը մոտենում լրագրողին, քաշքշում, բռունցքով հարվածում լրագրողի դեմքին և համակարգչին։ Նույն օրը դատախազությունը հայտարարեց, թե միջադեպի վերաբերյալ մամուլնի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։

Փայլակ Ֆահրադյանի փաստաբան Սոսե Չանդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի օրը ոստիկանության կենտրոնական բաժնում հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որտեղ Ֆահրադյանը բացատրություն է տվել։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություն ։ Փաստաբանը տեղեկացրեց, որ հետաքննիչներին են տրամադրել տեսանյութերը՝ սրճարանից և նախարարի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը, որն ապացուցում է, որ որևէ ավելորդ խոսակցություն իրենց միջև չի եղել, եղել է հստակ հարց, որի պատասխանը ստանալուց հետո լրագրողը տեսախցիկն անջատել և հեռացել է։ Ոստիկանությունը Ֆահրադյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը, բացատրությունը և ներկայացված բոլոր ապացույցներն ուղարկել է ՀՔԾ, որտեղ դրանք կցվել են արդեն նախապատրաստվող նյութերին։ Նշենք, որ նյութերի նախապատրաստման համար նախատեսված է 10-օրյա ժամկետ, վարույթ իրականացնող մարմինը դեռևս երկու օր ժամանակ ունի՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու համար, իսկ նյութերի նախապատրաստման ժամկետը երկարացնելու հարց դեռևս չի բարձրաձայնվել։

Բացի դա՝ փաստաբանը հայտնեց, որ հերքման պահանջ են ներկայացրել լրատվամիջոցներից մեկին, որը հերյուրանք էր տարածել, թե Փայլակ Ֆահրադյանը հայհոյել է նախարարին, հերքումն այս պահին դեռևս չի հրապարակվել։ Նրա խոսքով՝ տվյալ լրատվամիջոցը կոնտակտային տվյալ չուներ, հերքումն ուղարկվել է ֆեյսբուքյան էջին և այդ մասին հրապարակային կերպով հայտարարվել է։
«Օրենքը նախատեսում է ութ օր՝ հերքումը հրապարակելու համար, եթե հերքումը չհրապարակվի, դատական հայց ենք ներկայացնելու տվյալ լրատվամիջոցի դեմ՝ զրպարտության համար»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել