Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
«Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։ Ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել այն պահպանել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



