Ինքնաթիռը վաղուց համարվում է տեղաշարժման ամենահայտնի ձևերից մեկը։ Սակայն դրա վրա հայտնվելուց առաջ հարկավոր է մի շարք գործողություններ կատարել՝ սկսած ուղեբեռի գրանցումից, վերջացրած մեկ բաժակ սուրճ խմելով։ Եվ այս ամենը տեղի է ունենում օդանավակայականում։

Ամենածանրաբեռնված օդանավակայաը գտնվում է ԱՄՆ-ում՝ Ջորջիա նահանգում։ Այն «պատահաբար» է ի հայտ եկել։ 1909 թ. Coca-Cola ընկերության հիմնադիրը՝ Ատլանտայի ապագա քաղաքապետը ներդրում կատարեց, որպեսզի կառուցվի մրցուղի։ Ներդրումն իրեն չարդարացրեց, և մեկ տարի անց տարածքն սկսեցին օգտագործել ավիաշոուներ անցկացնելու համար։

1925 թ. գարնանը տարածքը ձեռք բերվեց աերոդրոմի կառուցման նպատակով, որն ավելի ուշ անվանվեց Atlanta Airport: 1926 թ. աշնանը այնտեղ կատարվեց փոստաբեռնափոխադրիչ ինքնաթիռի առաջին վայրէջքը։ Երկու տարի անց օդանավակայանն արդեն ներքին ուղևորափոխադրիչ թռիչքներ էր իրականացնում, ապա՝ ռազմական ավիաբազայի դեր կատարում։ Ավելի ուշ դրա տրածքը կրկնապատկվեց, իսկ օրական թռիչքների ու վայրէջքների թիվը հասավ 1700-ի։ Արդեն այդ տարիներին այն Ամերիկայի ամենապահանջված օդանավակայանն էր համարվում։

1956 թ. օդանավակայանում տեղի ունեցավ առաջին միջազգային թռիչքը։ Մի տերմինալը չկարողացավ դիմանալ ուղևորների հոսքին և բացվեց երկրորդը։ Այդ ժամանակ ուղևորների հեսքը կազմում էր արդեն ավելի քան 2,000,000 մարդ։

Հետագայում ևս մի տերմինալ բացվեց, և տարեկան ուղևորների թիվը հասավ 6,000,000-ի, ապա՝ 9,500,000-ի։

1980 թ. նոր համալիր բացվեց, որը նախատեսված էր տարեկան 55,000,000 ուղևոր ընդունելու համար։ Այն ունի շուրջ 2 հա տարածք։

Այսօր օդանավակայանը բաղկացած է միջազգային տերմինալից, հյուսիսային տերմինալից, հարավային տերմինալից, բազմաթիվ սրահներից։ Շնորհիվ 5 թռիչքուղու՝ այն կարողանում է մեկ ժամում 237 թռիչք ընդունել։ Սա մոլորակի այն հազվագյուտ օդանավակայաններից է, որը կարողանում է ապահովել միաժամանակ 3 ինքնաթիռի ապահով վայրէջքը։ 2019 թ. օդանավակայանն ընդունել է ավելի քան 111,000,000 ուղևորի։ Ավելին, այստեղ թռիչքների չեղարկումներ և ավելի քան 15 րոպեով ուշացումներ գրեթե տեղի չեն ունենում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել