Օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս:
Ծնվել է Շուշիում: 1930թ. ավարտել է Անդրկովկասյան ռազմանախապատրաստական, իսկ 1935թ. Բատայսկի քաղաքացիական օդաչուական դպրոցները: Կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ որպես գրոհային ավացիայի օդաչու: Մասնակցել է Օդեսայի, Պոլտավայի, Լենինգրադի պաշտպանության համար մղված մարտերին: 1942թ. արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման: 1942թ. ստացել է կապիտանի, իսկ 1943-ին` մայորի կոչում: 1944-ից եղել է գրոհային ավիացիայի հրամանատար: Պաշտպանել է Սևաստոպոլը, Թեոդոսիան: 1944թ. օգոստոսին երկրորդ անգամ արժանացել է ԽՄ հերոսի կոչման: Կատարել է 239 մարտական թռիչք: Խմբովին և անձամբ ջրասույզ է արել թշնամու 53 (որից 13-ը անձամբ) նավ, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 օդանավ: Ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը: Զոհվել է Բալթիկ ծովում` այրվող օդանավով մխրճվելով թշնամու նավախմբի մեջ:
***
Նելսոն Ստեփանյանի կերպարի վրա քանդակագործ Արա Սարգսյանը սկսել է աշխատել դեռևս հերոսի կենդանության օրոք, երբ 1941թ. Ն. Ստեփանյանը եկել էր Երևան: Այդ օրերին քանդակագործը հնարավորություն է ունեցել ծեփելու հերոսի մեզ արդեն ծանոթ կիսանդրին:
Նելսոն Ստեփանյանի արձանը դրվեց 1950թ. նոյեմբերի 8-ին Կիրովի անվան մանկական այգում: Հանդիսավոր բացմանը ներածական խոսք ասաց Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Մ. Սաֆրազյանը: Այնուհետև խոսք ասացին Լ. Ղարիբջանյանը (ՀԼԿԵՄ Երքաղկոմի քարտուղար), Ա. Դերյաբինը (Օդաչուական միջնակարգ դպրոցի սան), Երզնկյանը (Մ. Գորկու անվան դպրոցի տնօրեն, որտեղ սովորել է հերոսը): Հուշարձանի բացմանը ներկա էր նաև հերոսի հայրը` Գևորգ Ստեփանյանը:
Արձանի նյութը` բրոնզ, բազալտ, բարձրությունը` 4 մ, քանդակագործ` Արա Սարգսյան (տես` «Ս. Պարթև, Մ. Մաշտոց» արձանը), ճարտարապետ` Գ. Աղաբաբյան։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել