168.am-ը գրում է.
Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնապես ստացվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին երևանյան ռեստորաններից մեկում հարձակման ենթարկելու, բռնություն կիրառելու և գույքային վնաս հասցնելու վերաբերյալ դատախազության ուղարկած նյութերն ու լրագրողի հաղորդումը հանցագործության մասին, և այս պահին փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Փայլակ Ֆահրադյանն ահազանգեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանի կողմից սրճարանում իր վրա հարձակվելու մասին:
Դեպքը դատապարտեցին շատերը, հայտարարություններով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը, լրագրողական այլ կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
168.am-ի հետ զրույցում նաև դատախազությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութերն ուսումնասիրվել են և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Այժմ, փաստորեն, իրավապահ այդ կառույցում նյութեր են նախապատրաստվում: Հուսանք, այստեղ արագ կկողմնորոշվեն՝ ինչ անել, որովհետև, օրինակ, ԱԱԾ-ում արդեն 9-րդ օրն է՝ չեն հասկանում՝ ինչպես «ցրեն» Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատությանը միջամտելու փաստով մեր հրապարակմանը հաջորդած սկանդալն ու դրա հետևանքների հանգուցալուծման միակ ճիշտ տարբերակը, այն է՝ քրեական գործի հարուցում ու գործի հանգամանքների ողջ ծավալով բացահայտում: