Տեսականորեն համարենք, որ սրճարանում նախարարի հետ շփվելիս լրագրողը խախտել է էթիկայի սահմանները կամ արել է անթույլատրելի արտահայտություններ։ Դա կարող է հաստատվել կամ հերքվել։ Հաստատվելու դեպքում՝ ամոթ և պատիժ նաև լրագրողին։
Ինձ համար անհանգստացնողն ու ցավալին այն է, որ նախարարի թույլ տված խուլիգանական արարքը հանրության որոշ շրջանակների կողմից ողջունվում է՝ որպես հարցեր լուծելու ընդունելի քայլ։
Կարդում եմ մարդկանց մեկնաբանությունները, թե «սադրիչ լրագրողի հետ հենց այդպես է պետք վարվել», և սկսում եմ լրջորեն անհանգստանալ հայ հանրության բարոյահոգեբանական վիճակի համար։ Սա աղետ է, որի պատճառը մարդկային ու իրավական հարաբերությունների հետևողական ոչնչացումն է։
Քաղաքակիրթ և առողջ հանրություններում մարդիկ նույնիսկ վիրավորանքներին պատասխանում են իրավական ճանապարհով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքան ենք մենք բարոյապես ծընկած, որ նախարարը հարձակվում է իրեն դիմած (թեկուզ սադրած) լրագրողի վրա, կոտրում է նրա համակարգիչը, իսկ մեծ թվով մարդիկ, այդ թվում լրագրողներ ոգևորված ծափահարում են այդ խուլիգանությունը՝ համարելով, թե մարդու էմոցիաները տեղի են տալիս, համբերությունը անսահման չի։
Առողջ երկրներում մարդկանց վարորդական վկայական, զենք կրելու իրավունք կամ բարձր պաշտոն տալիս են բացառապես հոգեկան առողջության փաստաթղթի առկայության դեպքում, երբ նշված է, որ տվյալ անձը սթրեսակայուն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158156522938831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել