Այսօր 24-օրյա կալանքից, իսկ ավելի ճիշտ՝ ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը։
Թվում էր, թե որպես փաստաբան պետք է ուրախանամ այս «հաջողությունից», սակայն ոչ, սա հաջողություն չէ, սա 24 օր ուշացած արդարադատություն է։
Պնդել և այժմ էլ պնդում եմ՝ Արամի մասով որևէ այլ որոշում չի կարող համարվել օրինական, իսկ նրա կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր։
Ընդ որում՝ առնվազն փետրվարի 21-ից հայտնի է այն անձն, ով առերևույթ իրականացրել է այդ միջամտությունը, իսկ փետրվարի 23-ին այդ մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին մանրամասն հաղորդում։
Խոսքս վերաբերվում է Արթուր Պետիկի Մկրտչյանին, ով ոչ միայն Երևան քաղաքի դատարանի նախագահն է, այլև ինչպես Արամի, այնպես էլ մյուս բոլոր դեպքերում անձամբ է մակագրում կալանավորման միջնորդությունների քննարկումը դատարանի դատավորներին, Արամի դեպքում՝ Վահագն Մելիքյանին։
Ուշադրության է արժանի այն, որ փետրվարի 23-ից մինչ օրս՝ 21 օր, իմ հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր։
Դույզն-ինչ չկասկածեք՝ այս հանցագործության դեպքի ետևից գնալու եմ մինչև վերջ... ես գործը կիսատ թողնել չեմ սիրում։
Նկարում Ա.Մկրտչյանն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել