Մարդիկ ինչքան տհաս են լինում, այնքան նրանց թվում է, թե մոլորակը քառակուսի է, ուրիշ մարդիկ էլ իրենց նման տհաս են։
Չգիտեմ, ուղղորդված է, թե սեփական մտքի փայլատակումից է, որոշ մարդիկ հետևողականորեն ինձ մեղադրում են, թե իմ գործունեությամբ թշնամուն տեղեկացնում եմ։ Այսինքն, երբ խոսում եմ մեզ սպառնացող վտանգների, այս կամ այն վայրում գոյություն ունեցող խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին, դրանցով թշնամուն "գլխի եմ գցում", թե ինչ կարելի է անել մեր դեմ։
Այդպիսի մտքերի գեներատորներին, իհարկե, չեմ պատասխանում, քանի որ նրանք կամ ստանում են այդպիսի հերյուրանք տարածելու հանձնարարություն կամ անբուժելի են, հետևաբար իմաստ չունի նրանց արձագանքել, բայց պարտավոր եմ մեր հոգեպես առողջ հայրենակիցներին տեղեկացնել մի քանի փաստի մասին։
Նախ, ես խոսում եմ միայն բոլորին հայտնի իրողությունների մասին։ Եթե հայ հանրության մի ստվար հատված տեղյակ չի այդ իրողություններից, չի նշանակում, որ այն չկա։ Ես երբևէ չեմ պատմել պետական կամ ռազմական գաղտնիքի մասին։ Թեպետ ես անխնա քննադատում եմ ՀՀ իշխանությանը, բայց նույն այդ իշխանության բազմաթիվ ադեկվատ պաշտոնյաներ ակտիվ համագործակցում են ինձ հետ՝ հաշվի առնելով հանրությանը առողջ տեղեկություններ փոխանցելու կարևորությունը։
Հիմա էլ կլինեն մարդիկ, որոնք մեղադրեն, թե փաստորեն ես իշխանությանը կամ որ ավելի վատ է, վարչապետին եմ պաշտպանում։ Ոչ, ես Հայաստանի համար եմ աշխատում։ Գիտեմ, որ շատերի համար անհասկանալի է, երբ մարդը չի ծառայում որևէ քաղաքական ուժի։ Դժվար է դա պատկերացնել, բայց փորձեք պատկերացնել, կստացվի։
Վերադառնալով բոլորին հայտնի իրողությունների մասին հատվածին նշեմ, որ դեռևս 2011-ից Ադրբեջանը տիեզերք է ուղարկել 2 տեղեկատվական արբանյակ։ Դրանք մանրամասն հետևում են նաև մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, շարժերին, գիտեն ավելին, քան մենք գիտենք։
Չմոռանանք նաև, որ յուրաքանչյուր երկիր ունի իր հատուկ ծառայությունները և ուղեղային վերլուծական կենտրոնները, հետեւաբար նրանց իշխանությունները ավելի լավ գիտեն ՀՀ կամ Արցախի տեղագրական քարտեզները։
Իմ հրապարակումները միտված են բացառապես հայ հանրությանը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն այն իրողություններին, որոնք խնամքով հաճախ թաքցնում է ՀՀ իշխանությունը կամ պարզապես տեղյակ չի իր ապիկարության պատճառով։ Ոլորտային բազմաթիվ պաշտոնյաների հորդորները իշխանության բարձրագույն մարմինը հաճախ է անտեսում, հետևաբար պետք է նաև հրապարակային կոչերով ու նախազգուշացումներով մարդկանց դրդել ունենալու պետական մտածողություն։
Քարվաճառի օրինակը հայտնի է, երբ ամիսներ շարունակ զգուշացնում էի, մարդիկ էշի ականջում քնած էին, իսկ հիմա այդ նույն մարդիկ ահաբեկում են, թե Ադրբեջանը կարող է թունավորել մեր աղբյուրները։ Բա այն ժամանակ, երբ զգուշացնում էի, ինչո՞ւ էին հեգնում, թե հեքիաթ եմ պատմում։ Հիմա, երբ Քարվաճառի այդ հատվածը հանձնել են, ինչո՞ւ են հանկարծ խոսում այդ մասին։
Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ ամեն օր տարբեր մարդկանց ու Զլմ-ների կողմից ենթարկվում եք տեղեկատվական ահաբեկչության։ Վստահ եղեք, իմ հարթակում երբեք չեք իմանա մի բան, որը պետական գաղտնիք է պարունակում կամ որի հրապարակումը կարող է որևէ կերպ վնասել մեր ազգային պետական շահերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158146395583831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել