Կանադան աշխատանքային միգրանտների համար 2020 թ. վերջին դարձել է ամենագրավիչ երկիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով BCG-ի և The Network-ի «Գլոբալ՝ ֆիզիկական և վիրտուալ տաղանդների շուկայի վերլուծություն» հետազոտությանը:
«Կանադան դարձել է աշխատանքային միգրանտների ամենագրավիչ երկիրը՝ գերազանցելով Միացյալ Նահանգներին», – նշել են հետազոտության հեղինակները:
Բացի դրանից՝ լավագույն տասնյակում ընդգրկված են Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Ֆրանսիան, Նոր Զելանդիան:
Ըստ հարցման արդյունքների, հանուն աշխատանքի այլ երկիր տեղափոխվելու հետաքրքրությունը նվազել է: Այսպիսով, 190 երկրների 209 հազար մասնակիցներից մոտ 50%-ը պատրաստ է տեղափոխվել, մինչդեռ 2014 և 2018 թվականներին այդ ցուցանիշը համապատասխանաբար 64% և 57% էր:
Անցյալ տարվա ընթացքում աշխատանքային միգրանտներն ավելի գրավիչ են համարել այն երկրները, որոնք կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում իրենց ավելի լավ են դրսևորել:
«Գրեթե բոլոր երկրներում, որոնք կարողացան ավելի բարձր տեղ զբաղեցնել ամենահայտնի տասնյակում, համեմատաբար քիչ էին կորոնավիրուսային վարակները», – ընդգծում են հետազոտողները: