• 20-րդ դարակեսի «Մայր Հայաստանի» դեպքում հայտնի է նաև բնորդուհին՝ Գենյա Մուրադյանը։ Քանդակն ամփոփում է սովետական «զիկկուրատային մոնումենտալիզմի» և մինիմալիզմի տարրերը։ Բացի այս՝ ի տարբերություն իր նախորդի՝ սովետական «Մայր Հայաստանը» ժողովրդական չէ, լայնորեն չի հանդիպում ժողովրդական մշակույթում և տեղակայման վայրով անգամ վեր է հանրային կյանքից․ սա, անշուշտ, սովետական քաղաքական համակարգի բնույթի արտապատկերումն է մշակույթի վրա։
• Ի՞նչպիսին պիտի լինի 21-րդ դարակեսի իկոնիկ Հայաստանը։ Իմ պատկերացմամբ՝ արտահայտիչ աչքերով՝ որպես նշան հայոց աչալրջության, կարմիր այտերով և առատ վարսերով՝ որպես ֆիզիկական և հոգևոր առողջության նշանակ, ոտքերի վրա ամուր կանգնած ինքնավստահ կեցվածքով՝ որպես հայոց գոյության արեալին տեր կանգնելու առհավատչյա։ Բարձրահասակ պատկերելու կարիք չկա․ Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմաններում դա խորթ է։ Ստինքները պիտի լինեն առատ՝ ի նշան հայոց սերնդագործության, բայց միևնույն ժամանակ՝ համաչափ մարմնի ընդհանուր կառուցվածքին՝ որպես մարմնական և հոգևոր առաքինությունների հավասարության դրսևորում։ Շատ կարևոր է նաև այն միջավայրը՝ «ֆոնը», որում պիտի լինի աղջկա նկարը։ Ի տարբերություն սովետական շրջանի՝ այն չպիտի լինի ամեն ինչից կտրված և երկնասլաց, պիտի լինի այլ իկոնաների կոնտեքստում, բայց նրանց հանդեպ դոմինանտ։
• Իսկ արձանի/քանդակի պատվանդանին դաջված պիտի լինի Հին Կտակարանի Երգ երգոց գրքի հետևյալ տողը․ «Ամենեւին գեղեցիկ ես, մերձաւոր իմ, եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ» (4:7)՝ որպես հայոց քրիստոնեական ժառանգության ամրագրում, ինչպես նաև կնոջ և Հայաստանի պաշտամունքների իդեալականացման և նույնացման միջոց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3925913650788424
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել