Armeniasputnik.am-ը գրում է.

2020թ–ին Ադրբեջանը փոփոխություն է կատարել իր ՄԻՊ մասին օրենքում` նույնությամբ ամրագրելով ՄԻՊ–ի մասին ՀՀ օրենքի ֆինանսական անկախությանը վերաբերող դրույթը։ Այժմ էլ այդ հիմքով դիմել է միջազգային կառույցներին` խնդրելով վերանայել իր վարկանիշը։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ասում են` երբ ադրբեջանցի գերիները եղել են Հայաստանում, իբր ես անձամբ այցելել եմ քրեակատարողական հիմնարկ, իրենց հետ կոպիտ եմ խոսել։ Իրենք ուզել են ինձ հետ առանձին հանդիպել, ես մերժել եմ»,– ասաց Թաթոյանը` հավելելով, որ դա բացարձակ սուտ է։

Պաշտպանը նաև հայտնեց, որ իր ղեկավարած կառույցի ներկա կարգավիճակը թույլ է տալիս միջազգային ասպարեզում հանդես գալ իբրև ավելի վստահելի, քան Ադրբեջանի ՄԻՊ–ը։ Բանն այն է, որ Հայաստանի ՄԻՊ գրասենյակին տրվել է որակավորման բարձրագույն A կարգ, մինչդեռ Ադրբեջանի ՄԻՊ–ն ավելի ցածր` B կարգ ունի։ Ընդ որում` կարգը շնորհելիս հաշվի է առնվում նաև կառույցի ֆինանսական անկախությունը տվյալ երկրի կառավարությունից։

Թաթոյանի խոսքով` 2020թ–ին Ադրբեջանը փոփոխություն է կատարել իր ՄԻՊ մասին օրենքում` դրանում նույնությամբ ամրագրելով ՄԻՊ–ի մասին ՀՀ օրենքի ֆինանսական անկախությանը վերաբերող դրույթը, հիմա այդ հիմքով դիմել է միջազգային կառույցներին` խնդրելով վերանայել ՄԻՊ գրասենյակի վարկանիշը։

Մինչդեռ ՀՀ կառավարությունը, հակառակը,օրենքից առաջարկում է հանել նույն այդ դրույթը` դրանով, ըստ Թաթոյանի, վտանգելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին տրված միջազգային բարձրագույն վարկանիշը։

Հիշեցնենք` մարտի 11-ին կառավարության ընդունած որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։

Նախագիծը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը։

Թաթոյանի մեկնաբանությամբ` կառավարության ընդունած օրենքի փոփոխության այս առաջարկը սպառնում է իր ղեկավարած կառույցի ակտիվ գործունեությանն ու բարձրացրած խնդիրներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել