Hraparak.am-ը գրում է.

Գործի բերումով հետեւում եմ կառավարության նիստերի ուղիղ հեռարձակմանը, կամ եթե այդ պահին չեմ հասցնում, պարտադիր նայում եմ տեսագրությունը: Նայում եմ ՀՀ կառավարության Youtube-յան ալիքում: Այսօր՝ 2021 թվականի մարտի 11-ին էլ նայեցի ու մի բան բացահայտեցի: 

Youtube-յան հեռարձակումը համացանցից օգտվող դիտողին հնարավորություն է տալիս տեսագրության հեռարձակման ընթացքում տեսանյութի աջ հատվածում քննարկում՝ chat նախաձեռնել, իսկ տեսանյութի տակ մեկնաբանություն գրել: Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին օրերին ու ամիսներին այս երկու հատվածներում գերակշռում էին «Նիկոլ ջան, դու Աստված ես» մակարդակի ու ոճի գրառումներ: Ու թեեւ շատերն էին պնդում, որ այս բոլորը իշխանության ստեղծած կեղծ օգտատերերի՝ fake-երի ձեռքի գործն է, իշխանությունը պնդում էր, որ իր համար գժվում է ողջ հանրությունը:

Իհարկե, դրանց մեջ եւ ֆեյքեր կային, եւ իրական մարդիկ։ Մարտի 11-ի նիստի հեռարձակման ժամանակ անջատված էին թե chat-ի թե մեկնաբանությունների բաժինները: Սրանից երկու եզրահանգում՝ ի վնաս իշխանության: 

1. Նրանց սիրող չկա: Էլ չկա։ Ու իշխողները ճարահատ փակել են այս բաժինները, որ չսիրողները չկարողանան անկեղծ ներկայացնել իրենց վերաբերմունքը: 

2. Նրանց սիրող Fake-երի ֆաբրիկան հիմա էլ չի օգնում ու իշխողները ճարահատ փակել են այս բաժինները, որ չսիրողները չկարողանան անկեղծ ներկայացնել իրենց վերաբերմունքը:
Իսկ իշխանության գալու առաջին օրերին փողոցում ծաղիկ էին բաժանում կանանց կամ մետրոյով էին երթեւեկում:

Մարտի 11-ի նիստին իմ այս բացահայտումից հետո նայեցի կառավարության այլ նիստերի տեսագրություններ: chat-ի եւ մեկնաբանությունների բաժինները փակված են դեռ անցած տարեսկզբից:

Իշխանությունը վստահ է, որ ժողովրդի կամոք է դարձել իշխանություն, իսկ թե ում կամոք կամ ինչու է հիմա իրական կյանքում՝ ոստիկաններով, իսկ վիրտուալ իրականությունում՝ «բոլոր օդերը փակելով» խուսափում նույն ժողովրդից, չի ասում: Բայց բոլորը հասկանում են:

Արեգ Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել