Անցյալ շաբաթվա Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային ելույթը հիմնականում արժանացավ հեգնանքի՝ թե՛ պաթոսի, թե՛ կեղծիքի, թե՛ ընդհանրապես նման իրավիճակում հանրահավաք կազմակերպելու ու ելույթներ ունենալու համար։ Սակայն քննադատության այս տարափից կարծես վրիպեց Նիկոլի արտաբերած հազվադեպ անկեղծ կամ կիսաանկեղծ խոստովանություններից մեկը։ Նա մոտավորապես ասաց, որ շատ սխալներ են արել, քանի որ վախենում էին կորցնել ժողովրդի սերը, ու հետևաբար՝ սխալ չանելու համար հաճախ անգործություն են դրսևորել։

Բանն այն է, որ Նիկոլն այնքան էլ չի ստում, երբ սա ասում է։ Իրենք և անձամբ ինքը իսկապես իրենց գործողությունները և կամ անգործությունը կառուցել են ոչ թե պետության շահի, ոչ թե օրենքի, ոչ թե առողջ բանականության վրա, այլ ելնելով զանգվածին դուր գալու ցանկությունից։ Սա կարող էր կոչվել պոպուլիզմ՝ ամբոխահաճություն, բայց խնդիրն այն է, որ պոպուլիզմը սովորաբար ուղղված է մեծամասնության ցանկությանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի սիրահետման օբյեկտը պետության համար անկյունաքարային հարցերում՝ իրականում ժողովուրդը չէր։

Բայց ո՞ւմ էր ուզում դուր գալ ու ո՞ւմ էր վախենում հիասթափեցնել Նիկոլը։

Իրականում նրա սիրահետման օբյեկտը մարգինալ զանգվածն է, իր ու իր նմանների նեղ թայֆան, այն զանգվածը, որի՝ պետության, արտաքին քաղաքականության, երկրի բարեկեցության, բանակի, տնտեսության մասին պատկերացումները միշտ կառուցված են եղել այս ամեն ինչի մասին մակերեսային, տգետ կլիշեների վրա։ Ու հենց այդ կլիշեների կրողներին չհիասթափեցնելու մղումով Փաշինյանն ու իր շրջապատը երկիրը կանգնեցրեցին կատարյալ կրախի առաջ։

Փաշինյանն ամբողջ կյանքում շրջապատված է եղել մարդկանցով, ովքեր վստահ են եղել, որ երկիր կառավարելը հեշտ է, պարզապես նախկիններն ամեն ինչ սխալ են արել։ Լավ ապրելու համար մեզ պետք է լեզու ցույց տալ Ռուսաստանին, ու աչքը կոխել մեր ինքնիշխանությունը, Արևմուտքին ցույց տալ «ժողովրդավարական արժեքների» սատարում ու սիրուն-դատարկ ճառեր ասել «ժողովրդի» կամքի մասին։

Նրանք վստահ էին, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները խաղ ու պար են, ու նախկինները պարզապես բանակցել չգիտեին։ Որ բանակը ձևական կառույց է, ու դրա կարիքն առանձնապես չի լինի, եթե մենք «ճիշտ» արտաքին քաղաքականություն վարենք՝ Ռուսաստանի աչքը կոխենք մեր ինքնիշխանությունը ու Արևմուտքին դուր գանք մեր իմիտացիոն «ժողովրդավարական արժեքներով»։ Որ ժողովրդավարական արժեքները ԼԳԲՏ-ներին սատարելը և ամեն պատեհ ու անպատեհ առիթով Ֆեյսբուքում լայվ մտնելն է՝ «ժողջանի» հետ խորհրդակցելու նպատակով։

Նրանք  վստահ են եղել, որ տնտեսություն կառուցելը շատ պարզ ու հեշտ խնդիր է, դե, իսկ ներդրումները կհորդան Հայաստան, հենց որ Հայաստանում գա իշխանություն, որը կասի, իբրև թե կաշառք չի վերցնելու։

Նրանք վերջին 20 տարին ապրել են՝ երազելով գալ իշխանության՝ ոչ թե երկիր կառուցելու, այլ՝ նախկիններին իրական ու միայն իրենց երևակայության մեջ գոյություն ունեցող մեղքերի, այդ թվում՝ իրենց իսկ պատճառով տեղի ունեցած Մարտի 1-ի համար պատժելու համար։

Ահա այս օրակարգին է իշխանության գալու առաջին օրվանից ծառայել Փաշինյանը ու այս՝ իր մարգինալ շրջապատի՝ նախկին ու ներկա ակտիվիստների, որոշ լրագրողական ու ՀԿ-ական, այսպես կոչված՝ սորոսական, աղանդավորական ու իրենց արևմտամետ համարող, իսկ իրականում՝ անգլերեն մի քիչ իմացող, գավառագիտուն, կիսագրագետ այս նեղ շերտին է վախեցել հիասթափեցնել Նիկոլը։

Այդ նրանց հույսերն արդարացնելու համար է արել բազմաթիվ հիմար, վտանգավոր ու անտրամաբանական քայլեր ու չի արել այն, ինչ պետք է աներ երկրի ղեկավարը։

Դատեք ինքներդ։ Արդյո՞ք հանրության լայն շերտերը, Կարեն պապն ու Լիլիթ մորաքույրը երազում էին Ռուսաստանի առաջ հպարտ կեցվածք ընդունելու ու դրա խաթեր մեր սահմանները վտանգելու մասին։ Արդյոք նրանց օրակարգի առաջին խնդիրը Մարտի 1-ի չապացուցված մեղադրանքով Պուտինի ընկերոջը ճաղերի հետևում տեսնե՞լն էր։ Արդյո՞ք նրանք երազում էին ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանության ու Ֆեյսբուքում ամեն օր լայվ անող ու իրականում բացարձակ ոչինչ չանող վարչապետ ունենալ մասին։

Արդյո՞ք նրանց հանրային պատվերն էր կատարում Փաշինյանը, ու արդյո՞ք այդ նրանց սպասումները հիասթափեցնելուց էր վախենում։ Իհարկե՝ ոչ։ Ու գուցե ինքն էլ չի գիտակցում, որ այս բոլոր սպասումները ժողովրդի հետ կապ չունեին։

Ո՞ւմ սիրո մասին էր մտածում Փաշինյանը, երբ թույլ էր տալիս, որ տապալվի երկրի միակ խոշոր ներդրումը՝ Ամուլսարը։ Արդյոք ժողովրդի՞։ Հազիվ թե։ Ի վերջո, այս ընթացքում առիթ եղավ նաև շահագործման հարյուրավոր կողմնակիցների էլ տեսնելու, այդ թվում՝ հարակից համայնքներում։ Բայց ճանապարհ փակողների աջակիցները դարձյալ Նիկոլի նեղ շրջապատն էր, տուրիզմով երկիր պահելու ու նախկիններին էդքանը չֆայմելու կամ կաշառքով հանքի լիցենզիա բաժանելու մեջ մեղադրող Նիկոլի ակտիվիստ ու լրագրող ընկերները…

Արդյո՞ք ժողովուրդը շատ կհիասթափվեր, եթե Նիկոլը չքանդեր Օպերայի սրճարանները։ Հազիվ թե։ Ժողովուրդը հաճույքով սրճում էր այդ սրճարաններում, իսկ այ, Նիկոլի մարգինալ շրջապատն ամբողջ կյանքում ապրել է այդ սրճարանների տերերի ու այնտեղ սրճողների հանդեպ գիշատիչ ատելությամբ… Այդ նրանց է վախեցել հիասթափեցնել Փաշինյանը, ու այդ առումով այնքան էլ չի ստում։

Փաշինյանն արեց ամեն ինչ նրանց սպասումներն արդարացնելու համար։ Ահռելի հանրային աջակցությունը երկրի օրհասական խնդիրների լուծմանը՝ կառուցելուն ու ստեղծելուն ուղղելու փոխարեն, բոլոր ջանքերն ուղղեց մարգինալ օրակարգերի սպասարկմանը՝ խարխլելով երկրի աշխարհաքաղաքական բոլոր հենքերը, ոչնչացնելով տնտեսությունն ու հրահրելով պատերազմ։ Նախապես պլանավորված պարտության տանող պատերազմ:

Նա դա արեց ոչ թե սերը կորցնելու վախից անգործության պատճառով, ինչպես ինքն է հիմա ասում, այլ հենց որոշակի գործողությունների արդյունքում՝ իր մարգինալ թայֆայի սպասումներն արդարացնելու մղումով։ Ժողովրդի հետ դա ոչ մի կապ չունի, ու նույնիսկ մինչև պատերազմը Փաշինյանի գահավիժող վարկանիշը դրա լավագույն ապացույցն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել