«Մինչ կառավարությունը ձեռքեր լվացել, մի կողմ է քաշվել՝ հասարակությանը թողնելով իր հոգսերի հետ, գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է: Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում նույնիսկ անցել է այդ սահմանը:
Պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա հատվածում գնաճը փետրվարին կազմել է 5,3 տոկոս: Սննդամթերքի շուկայում այն հասել է 7,8 տոկոսի: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնաճը մոտենում է 9 տոկոսի:
Թանկանում են ոչ միայն պարենային, այլև ոչ պարենային ապրանքները: Հագուստի և կոշիկի գնաճը 5,2 տոկոս է: Տրանսպորտի գնաճը հասել է 7,2 տոկոսի:
Առողջապահության ոլորտում, պաշտոնական տվյալներով, գները բարձրացել են 5,6 տոկոսով: Կենցաղային ապրանքների ու տեխնիկայի գնաճը մոտեցել է 7 տոկոսի սահմանին:
Թանկացումները համատարած են ու բավական ակտիվ: Բայց դրանց դեմն առնելու իշխանությունների քայլերը տեսանելի չեն: Տեսանելի չեն, որովհետև իրականում այդպիսի քայլեր չեն էլ կատարվում:
Ժողովրդի հոգսերը թեթևացնելու խոստումներով իշխանության եկած քաղաքական թիմը վաղուց արդեն մոռացել է ժողովրդի մասին մտածել: Հիմա արդեն նրա համար կարևորը ոչ թե ժողովուրդն է, այլ իր իշխանությունը: Հիմա արդեն թանկացումները միանգամայն արդարացված են, և սպառողները պարտավոր են լուռ ու մունջ կրել գնաճի ծանրությունը: Ոչինչ, որ մարդիկ ամեն օր առերեսվում են իրենց սոցիալական վիճակի վատացման և աղքատության խորացման փաստի հետ:
Գնաճը գուցե այնքան սարսափելի չլիներ, եթե դա ուղեկցվեր հասարակության եկամուտների ավելացմամբ: Սակայն եկամուտների ավելացման մասին խոսք չկա: Ընդհակառակը՝ ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, գնաճը Հայաստանում ուղեկցվում է եկամուտների նվազումով: Նվազել են, մասնավորապես, աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները:
Հունվարին Հայաստանում միջին աշխատավարձի անկում է գրանցվել, այն էլ բավական շոշափելի 3,8 տոկոսով: Մասնավոր հատվածում կրճատումն ավելի մեծ է եղել, միջին աշխատավարձը նվազել է 5,4 տոկոսով:
Այս երևույթն ուղեկցվել է բարձր գնաճով: Թե դա ինչպիսի ազդեցություն է ունեցել մարդկանց կենսամակարդակի վրա, յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է ասել: Թանկացումների շղթան բավական ընդգրկուն է՝ սկսած սննդամթերքից, վերջացրած ոչ պարենային ապրանքներով ու ծառայություններով:
Գնաճի ակտիվացումը Հայաստանում նոր չի սկսվել: Այդպես է դեռևս անցած տարվա վերջից: Այսօր էլ գնաճը շարունակում է պահպանվել ու գրոհել ապրանքային շուկաները:
Սկսենք սննդամթերքից, յուղերը և ճարպերն այս տարվա փետրվարին շուրջ 20 տոկոսով ավելի թանկ են եղել, քան անցած տարի էին:
20 տոկոսը, անշուշտ, լուրջ գնաճ է, բայց դա չէ այդ խմբում ընդգրկված ապրանքների թանկացման ամբողջ հմայքը: Թանկացումների ամբողջ հմայքը երևում է առանձին ապրանքատեսակների դեպքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: