Pastinfo.am-ը գրում է.

Շիրակի մարզի Սարապատ համայնքից 6 գերեվարված զինծառայող կա։ Նրանցից ոմանց ծնողները Շիրակի մարզպետարանում բողոքի ակցիա են իրականացնում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանը նշեց, որ մարդիկ փորձում են ուշադրության կենտրոնում պահել հարցը և ցանկանում են տեղեկանալ՝ ինչ աշխատանքներ են կատարվում զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

«10 օր առաջ Կարմիր խաչի միջոցով ծնողները նամակներ փոխանցեցին։ Այնտեղից էլ տղաներն էին նամակներ գրել։ Ընդհանուր բաներ էին գրել, որ լավ են, առողջական խնդիրներ չունեն»,-ասաց համայնքապետը։

Արտուշ Մանուկյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո ծնողները հուսադրված էին։ Նամակներից ելնելով էլ մարդկանց մոտ տպավորություն էր առաջացել, որ մոտ ժամանակներում նորություն կլինի․ «Նրանց պահանջն օրինական է, ուզում են՝ գործընթացը հնարավորինս արագացվի»,-նշեց Արտուշ Մանուկյանը՝ հավելելով, որ ծնողներն այժմ պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ։

Գերեվարված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը տարբեր է, սակայն ամենամեծ խնդիրը նրանց ընկճվածությունն է:

«Ավելի շատ նրանց հոգեբանական վիճակն է կարևոր այս պահին, թե չէ մինչ այս ինչ կարգավիճակում ապրել են, այդպես էլ շարունակում են»,-ասաց Արտուշ Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել