1in.am-ը գրում է.

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանում առկա օգտակար հանածոների մասին: Նա հերքեց շրջանառվող այն կարծիքը, թե Հայաստանն օգտակար հանածոների տեսակետից աղքատ երկիր է՝ ասելով, որ մեր ընդերքն ունի մի շարք հանքանյութեր, ինչպես՝ մետաղական, այնպես էլ՝ ոչ մետաղական: 

Հրաչյա Ավագյանը նշեց, որ այժմ մենք ունենք յոթ խոշոր շահագործվող հանքավայրեր, որոնցից ամենամեծը Քաջարանինն է: Բանախոսի հավաստմամբ՝ վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ Քաջարանում, բացի պղնձից և մոլիբդենից, կան նաև մի շարք այլ թանկարժեք մետաղներ, որոնք չեն օգտագործվում ու թափվում են պոչամբարները՝ թունավորելով բնական միջավայրը: 

Բանախոսն ասաց, որ հանքավայրերի նման կերպով շահագործումն ունենում է անդառնալի հետևանքներ. «Կապանի և Քաջարանի հարակից գյուղերի բնակիչներն առողջական մի շարք խնդիրներ ունեն, երեխաների մազերի մեջ սնդիկ կա, բոլորը հիվանդ են, սննդի հետ և շնչառական օրգաններով այդ նյութերն անցնում են մարդու օրգանիզմ»:

Նրա համոզմամբ՝ պետք է նկատի ունենալ, թե ինչպես են շահագործվում հանքավայրերը: Եթե դրանք շահագործվեն 95 տոկոսով, ապա դրանց վնասն ավելի քիչ կլինի:

Մասնագետն անդրադարձավ նաև Թեղուտի, Թուխ Մանուկի և Ամուլսարի հանքերի շահագործմանը և ասաց, որ ինքը կտրականապես դեմ է դրան. «Կորզելու են պղինձն ու մոլիբդենը, լավագույն դեպքում՝ ութսուն տոկոսով, հարակից նյութերը՝ լավագույնը քսան տոկոսով, իսկ մնացածը թափվելու են պոչամբարները: Այդ ամենը թունավորելու է շրջակա միջավայրն ու մարդկանց»: 

Նրա հավաստմամբ՝ հանքավայրերը պատկանում են հասարակությանը, և դրանք չպետք է տալ մասնավոր ընկերությունների, այդ գումարները պետք է գնան պետբյուջե:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել