«Առավոտ» թերթը զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ՝ կապված Ռուսաստանում ու հատկապես Մոսկվայում սկսված լայնամասշտաբ հակաէմիգրանտական արշավի հետ: Ըստ Իշխանյանի` անկախ նրանից, թե ինչ քաղաքական ենթատեքստ ունի այս արշավը (էական չի՝ ներքին, թե արտաքին), փաստ է, որ ապօրինի էմիգրանտների որս է սկսվել Ռուսաստանում, և եթե այդ որսի «զոհ» դառնում են ՀՀ քաղաքացիներ, ապա ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսությունները պետք է ձեռնամուխ լինեն այդ հարցի կարգավորմանը՝ առանց սպասելու ԱԳՆ-ի ինչ-որ արձագանքի կամ նոտայի:
Սակայն դա չի արվում, որովհետև փոքր ու թույլ երկրները առհասարակ հնարավորինս պասիվ են իրենց պահում մեծ երկրների հանդեպ:
Թերթի այն հարցին, թե արդյո՞ք նվաստացնելով ու ոտնահարելով մեր երկրի ու քաղաքացիների իրավունքները` չեն նվաստացվում հենց ՀՀ-ին, իրավապաշտպանը տվել է իմ կարծիքով փայլուն պատասխան.
«Վիրավորակա՞ն է արդյոք տարբեր պետությունների ազգերի համար, իհարկե՝ վիրավորական է: Միայն այն, որ այլ երկրների քաղաքացիները իրենց արժանապատվությունը ոտնահարելով եւ մոռանալով՝ մի կտոր հացի համար ապրում են այլ պետությունում, երկրորդ մարդու կարգավիճակով, արդեն ցույց է տալիս, որ այդ պետություններն այնքան էլ կայացած չեն, իրենց քաղաքացիների մասին չեն մտածում եւ արժանապատվություն չունեն, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին: Եթե Հայաստանի իշխանություններն ունենային արժանապատվություն, նախ այնպիսի երկիր կստեղծեին, որպեսզի փախստականները գոնե այս չափերի չլինեին:
Բայց կա մեկ այլ հարց. եթե պետությունը լիներ արժանապատիվ ու ուժեղ, նրա քաղաքացիների հետ այդպես չէին վարվի: Թույլ երկիր ասելով ամենեւին կարեւոր չէ երկրի տարածքի մեծությունն ու բնակչության քանակը»:
Ասել կուզի` եթե ուզում ենք, որ մեզ հարգեն դրսում, ապա պետք է նախ ինքներս հարգենք մեզ թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրսում, իսկ եթե ուզում ենք, որ երկիրը հարգեն այլ երկրները, ապա պետք է այնպես անել, որ երկիրը, իսկ ավելի ճիշտ երկրի իշխանությունները հարգեն երկրի քաղաքացուն ու առաջնահերթ պայքարեն քաղաքացու շահերի ու իրավունքների համար: Քանի դեռ սա չկա, պետք չէ ակնկալել, որ ուրիշները դա կանեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/213392715483426
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել