«Այսպիսով, կարծես թե Նիկոլը դեռ չի պատրաստվում հրաժարվել «իսկանդերային խաղից»: Սկզբում հայտարարելով, թե «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով, նա, ըստ էության, փորձեց հարվածել ռուսներին: Հետո, թեև լացակումած հրաժարվեց ասածներից՝ պնդելով, թե ռուսական զենքը լավագույնն է աշխարհում, սակայն շտապեց մեղադրել սեփական երկրի զինվորականությանը, թե՝ իրեն խաբել են: Իսկ ահա նախօրեի հանրահավաքում սկսեց «բոչկա գլորել» ամենաանցանկալի անձ դարձած ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղղությամբ՝ բացահայտ ակնարկելով, թե նա է իրեն «Իսկանդերի» կրակել-չկրակելու հարցում մոլորության մեջ է գցել:
Շուշիի գրավումը շատ տհաճ հարցերի մի շարան է առաջացնում
Այսքանի հետ մեկտեղ կան մասնագիտական պնդումներ, որ «Իսկանդերը», այնուամենայնիվ, արձակվել է: Մեզ հետ զրույցում նույնը պնդեց նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ընդգծելով.
- Ես ևս պնդում եմ, որ «Իսկանդերը» օգտագործվել է Արցախյան պատերազմի ընթացքում: Այդ պնդումն անում է ոչ միայն Մովսես Հակոբյանը, այլ նաև շատ ուրիշ մարդիկ, որոնց անունները լիազորված չեմ բարձրաձայնել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա այն ինձ համար լրիվ անտրամաբանական է և որևէ քննադատության չի դիմանում՝ ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ այլ կոնտեքստում: «Իսկանդերը» կիրառվել է, և դա փաստ է:
- Ո՞ր ուղղության վրա է կիրառվել։
- Կիրառվել է Շուշիի ուղղությամբ: Ավելին՝ այն աշխատել է անխափան, այնպես, ինչպես պետք է աշխատեր: Որևէ խնդիր «Իսկանդերի» հրթիռների հետ չի եղել: Ավելին ասեմ՝ եթե ուշադրություն դարձնեք, Փաշինյանը ևս այդ «10 տոկոս պայթելը» պնդման ձևով չի ձևակերպել: Եվ դա պատահական չէ:
-Եթե Շուշիին է հարվածել, այդ դեպքում ինչո՞ւ մենք չտեսանք այն ավերածությունները, որոնք ենթադրվում էին «Իսկանդերի» գործարկման արդյունքում:
-«Իսկանդերով» հարվածել են այլևս թշնամու վերահսկողության տակ անցած հատվածին: «Իսկանդերը» կիրառվում է կոնկրետ ենթակառուցվածքներին հարվածելու կամ զորքի կուտակումներին:
-Այս դեպքում ենթակառուցվածքի՞ է հարվածել, թե՞ զորքի:
-Զորքի: Այն հատվածում, որտեղ զորք է կուտակվել, խփել են, ինքն աշխատել է: Թե ինչքանով է հաջող եղել ընտրված հատվածը, դժվար է ասել ինձ: Առհասարակ, Շուշիի գրավում շատ տհաճ հարցերի մի շարան է առաջացնում:
-Մանրամասնեք, խնդրեմ:
-Թշնամին երկու շաբաթից ավել կարողացել է Շուշի զորք բերել, սպառազինություն բերել այն ճանապարհներով, որտեղ նրանց դեմն առնելը շատ հեշտ էր անգամ փոքր ռեսուրսներով:
-Մե՞նք ենք նրանց առաջ ճանապարհ բացել դեպի Շուշի:
-Ես չեմ կարող նման պնդում հիմա անել: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նեղ, լեռնային, անտառային կածաններով այդ քանակի զորք բերվել: Ավելին՝ լրիվ անհասկանալի է, թե ով էր ղեկավարում Շուշիի պաշտպանությունը, ով էր ղեկավարում Հադրութի, Ջաբրայիլի պաշտպանությունը, ով էր, ի վերջո, Լելե Թեփեի աղետալի հակահարձակման հեղինակը: Այսօր չկան այս հարցերի պատասխանատուները, էլ ուր մնաց «Իսկանդերի» մասին պատշաճ ձևակերպումներ տան:
- Ո՞ր օրն է գործարկվել «Իսկանդերը»:
-Կոնկրետ օրը կդժվարանամ ասել, բայց վստահ կարող եմ ասել, որ դա եղել է պատերազմի վերջին օրերին: Այն դեպքում, երբ պետք էր օգտագործել պատերազմի երրորդ-չորրորդ օրը:
Մեծ է գայթակղությունը՝ կրկին դիմել ռազմական ավանտյուրայի
-Այսօր նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք հայ-ադրբեջանական սահմանին: Հաշվի առնելով, որ Ալիևը շարունակում է հոխորտալ և հաթաթաներ տալ, որին հայաստանյան որևէ գերատեսչություն, ըստ էության, չի պատասխանում:
- Թշնամին տրամադրված չէ, այո, շարունակել խաղաղ ապրել: Հակառակը՝ էլ ավելի ագրեսիվ հայտարարություններ են հնչեցվում: Դրան գումարած՝ օր օրի նրանց բանակը վերազինվում է, իսկ մենք ի՞նչ ենք անում: Ակնհայտ է, որ թշնամու համար ստեղծվել է հարյուրամյակի շանսը՝ տեսնել նման կերպ թուլացած Հայաստան: Նման պայմաններում շատ մեծ է գայթակղությունը ինչ-ինչ պատրվակով կրկին դիմել ռազմական ավանտյուրայի: Եվ ՀՀ-ում պահպանվող անկայուն իրավիճակը հենց այն հաճելի նվերն է, որը ցանկանում են տեսնել և օգտվել մեր թշնամիները: Իսկ ստեղծված իրավիճակի պատասխանատուները առկա իշխանություններն են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: