News.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած Մարտի 1–ի հանրահավաքին, ինչպես և նախորդ հանրահավաքին, հարթակում կանգնածների շարքում չէին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն  ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Սա այն պարագայում, երբ  ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ վարչապետի եւ Կառավարության հրաժարականի պահանջից հետո՝ Փաշինյանի թիմակիցները ֆեյսբուքյան գրառումներով եւ հանրահավաքի հարթակներից աջակցություն էին հայտնում քաղաքական թիմի ղեկավարին։

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փոխվարչապետը թե՛ փետրվարի 25–ի, թե՛ մարտի 1–ի հանրահավաքներին ներկա է եղել, բայց կարճ ժամանակով է մասնակցել։

«Առաջին հանրահավաքին փոխվարչապետը  գրեթե ամբողջ ժամանակ հարթակից ներքեւ է եղել։ Երկրորդի ժամանակ նա հարթակում չի կանգնել, հանրահավաքին մի քիչ մասնակցել ենք, ու գնացել նկարահանման՝ Հանրային հեռուստաընկերություն»,– ասաց Հովսեփյանը։

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ  մեզ փոխանցեց, որ Հայկ Մարությանը փետրվարի 25–ի հանրահավաքին ներկա չի եղել, որովհետեւ քաղաքի հետ կապված անհետաձգելի գործեր են եղել, իսկ նախօրեին տեղի ունեցած  հանրահավաքին քաղաքապետը մասնակցել է։

Մեր դիտարկմանը, որ հարթակում Մարությանը չէր երեւում, մինչդեռ Փաշինյանի թիմակիցները կանգնած էին այնտեղ, Հակոբ Կարապետյանն ասաց. «Քաղաքապետը հրապարակում էր կանգնած, կարծում եմ, որ բավական շատ մարդիկ տեսել են նրան, եթե նրան չեք տեսել, դա չի նշանակում, որ նա ոչ տեսանելի վայրում էր կանգնած։ Կարծում եմ, որ թիմակից լինել–չլինելը, եւ հեղափոխության գործին նվիրված լինելը  հարթակին կանգնելու հետ ուղղակի կապված չէ»։

Հայկ Մարությանի խոսնակը չցանկացավ տեղեկացնել, թե քաղաքապետը Գլխավոր շտաբի՝ վարչապետի եւ Կառավարության հրաժարականի պահանջի հետ կապված ինչ դիրքորոշում ունի։

 «Երեւանի քաղաքապետն ինչքան էլ որ քաղաքական  պաշտոն է եւ  քաղաքական պրոցեսների արդյունքում է ընտրված, ընդհանուր  առմամբ իր պաշտոնական գործունեությունը իրացնելիս նա հիմնականում Երեւան քաղաքին վերաբերող խնդիրներով է զբաղվում։ Երեւանի քաղաքապետարանի լիազորությունները ազգային անվտանգությանը կամ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին չեն առնչվում»,– ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել