Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումները վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արա Սաղաթելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել, ինչը փաստաբանի դիտարկմամբ իրավաչափ չէ։ Քննիչի որոշմամբ՝ սահմանափակումները տարածվում են նաև Սաղաթելյանի կնոջ և երեխայի հետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա։

Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջնորդել են վերացնել ընտանիքի անդամների վերաբերյալ սահմանափակումները։ Ըստ փաստաբանի՝ միջնորդությունը կբավարարվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու քաղաքացի Մհեր Ավագյանն ազատ են արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի քննիչների միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Արա Սաղաթելյանը և քաղաքացի Արամ Լևոնի Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են։

Նկատենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։

Փորձագիտական համայնքը նրա նկատմամբ հետապնդումը որակել է քաղաքական՝ արձանագրելով, որ Արա Սաղաթելյանը քաղբանտարկյալ է եւ այս օրերին ստորագրահավաք է իրականացվում Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել