NASA-ի աշխատակիցները, բացի Արեգակնային համակարգի ուսումնասիրման համար նախատեսված նորագույն սարքեր պատրաստելուց, զբաղվում են նաև տիեզերական մարմինների կարգավիճակներին հետևելով: Մեծ ուշադրություն է դարձվում Լուսնին, քանի որ այն Երկրին ամենամոտ գտնվող տիեզերական օբյեկտն է և մարդկանց կողմից ամենամեծ ազդեցությանն է ենթարկվում: Հարց կարող է առաջանալ՝ ինչպե՞ս կարող են մարդիկ ազդել Լուսնի վրա. չէ՞ որ այն շատ հեռու է գտնվում:

Բանն այն է, որ այնտեղ աղբ է հավաքվում արդեն տասնյակ տարիներ: NASA-ի տիեզերագնացները Լուսնի վրա «Ապոլլոն» ծրագրի իրականացման ժամանակ շատ բան են թողել: Ամերիկայի գլխավոր տիեզերակայանի պատմաբան Ուիլյամ Բարին հաշվարկների արդյունքում պարզել է, որ Երկրի միակ բնական արբանյակի վրա մարդկանց պատճառով այսօր առկա է 180 տոննա աղբ: Թափոնների մեծ մասը Լուսնի վրա թողնված մեքենաների մնացորդներն են, մյուս մասը ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հնդկաստանից և Եվրոպայից արբանյակ ուղարկված անօդաչու թռչող սարքերի մասեր:

«Ապոլլոն» առաքելության ժամանակ տիեզերագնացները Լուսնի վրա են թողել երեք տիեզերանավ: Երբ ավարտվել է մոբիլային լաբորատորիայի տեղադրման առաքելությունը, արբանյակը վերածվել է անպետք լուսնային «մեքենաների» կայանի: Սարքերից յուրաքանչյուրը կշռում էր 210 կգ Երկրի վրա և 35 կգ Լուսնի վրա:

Աստղագնացները, բացի տիեզերանավերից, նաև այլ առարկաներ են թողել Լուսնի վրա՝ նպատակ ունենալով ուսումնասիրել, թե այս կամ այն նյութն ինչպես է իրեն դրսևորում Լուսնի մակերևույթին: Փորձերը երկար տարիներ են տևել, սակայն ոչ մի առարկա՝ լուսանկարներ, մուրճեր, փետուրներ, այդպես էլ չեն վերադարձվել Երկիր:

Այսօր Լուսնի վրա «հանգրվանում են» հարյուրավոր պարկեր, որոնք ծառայել են որպես զուգարաններ, բազմաթիվ զույգ կոշիկներ, ծածկոցներ, լուսանկարչական սարքեր, այլ աղբ:

Արբանյակ վերադառնալու և թողածն այնտեղից վերցնելու համար շատ վառելիք է հարկավոր: Ի դեպ, ամենը հավաքելու համար մի քանի անգամ է անհրաժեշտ գնալ Լուսին և վերադառնալ: Սակայն նման ծախսերն անիմաստ են, ըստ աշխատակիցների, քանի որ սարքավորումները վաղուց կորցրել են իրենց պիտանելիության ժամկետը և վերադարձնելուց հետո չեն ծառայի իրենց նպատակին:

Ըստ Ուիլյամ Բարրիի՝ Լուսնի վրա գտնվող յուրաքանչյուր առարկա պատմական նշանակություն ունի: Եթե ապագայում սերունդներն ինչ-ինչ պատճառներով հասանելիություն չունենան NASA-ի տվյալների բազային, ապա մնացորդները հետազոտողներին կպատմեն կատարված փորձերի և մարդկության տեխնոլոգիական հաջողությունների մասին՝ վկայություններ դառնալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել