Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրեց դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն հայտնեց:

Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Վերջինս բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:

ՀՀ ԱԳ նախարար Արտակ Ապիտոնյանը և ԻՔ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրեցին նախօրեին Էրբիլի հայկական եկեղեցում օծված ՀՀ պետական դրոշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել