Քոչարյան Անդրանիկն այսօր հայտարարել է, որ եթե ցուցարարները պատրաստվում են շենք-շինություններ գրավել, ապա պետք է պատրաստ լինեն, որ իրենց վրա կկրակեն։ Որքան էլ դա ոմանց մոտ սենտիմենտալ զեղումներ առաջացնի, բայց Քոչարյան Անդրանիկը բացարձակ ճշմարտություն է ասում։ Այո՛, գոյություն ունի լեգիտիմ բռնություն ասվածը և այո՛, դրա մենաշնորհը պետք է պատկանի պետությանը։ Ավելին ասեմ՝ առանց այդ մենաշնորհի չկա պետություն։ Խնդիրն այլ հարթության մեջ է։
Հասկանո՞ւմ եք, ո՛չ Քոչարյան Անդրանիկը, ո՛չ որևէ այլ ոք այս իշխանություններից չունի բարոյական իրավունք անգամ ծպտալու լեգիտիմ բռնության պետական մենաշնորհի մասին և առավել ևս՝ սպառնա դրա կիրառությամբ։ Իրավունք չունի երկու հիմնական պատճառներով։ Նախ, այս իշխանությունները ու Քոչարյան Անդոն տարիներ շարունակ գոյատևել են հենց պետության այդ մենաշնորհի վերաբերյալ անդադար շահարկումներ անելով։ Այդ շահարկումների կուլմինացիոն կետը Մարտի 1-ի թեման է, իսկ Քոչարյան Անդոն էլ ՄԱրտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավարն է եղել։ Այսինքն, ստացվում է, որ այս մարդիկ մեզ տարիներ շարունակ պատմում էին, որ մեծագույն հանցագործություն է սեփական քաղաքացու դեմ ուժ և առավել ևս՝ զենք կիրառելը, այս մարդիկ իրենք էին շենք-շինություններ զավթում (օրինակ՝ ռադիոտունը), կամ էլ պաշտպանում նման քայլի գնացողներին (օրինակ՝ Սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման ֆան ակումբները), իսկ հենց իրենք են դառնում իշխանություն, պարզվում է, որ իրենք տարիներ շարունակ երեսպաշտություն էին անում ու ստում էին։
Երկրորդ պատճառն այն է, որ բռնության պետական մենաշնորհը վաղուց արդեն չկա էլ։ Այդ մենաշնորհը միայն քո քաղաքացիների վրա չպետք է տարածվի, այլ քո տարածքում՝ ցանկացածի վրա, այդ թվում օրինակ՝ Գորիս-Կապան մայրուղու վրա ելուզակություն անող ադրբեջանցիների։ Մենք այսօր հաճախ մոռանում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մենք կորցրել ենք պետականությունը և եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո մեր պետությունը վախճանվել է, իսկ այն, ինչ կա՝ ոչ թե պետություն է, այլ տարածք։ Տարածքում չի կարող լինել լեգիտիմ բռնության մենաշնորհ։ Այնպես որ, այո՛, Քոչարյան Անդրանիկը տեսականորեն ճշմարիտ միտք է ասում, բայց երիցս իրավացի են բոլոր նրանք, ովքեր հայհոյում են Քոչարյան Անդրանիկին դրա համար, որովհետև իշխանականներն՝ առհասարակ և Քոչարյան Անդրանիկը՝ մասնավորապես երեսպաշտ են ու ստահակ այս հարցում, տեսական ճշմարտությունն էլ ասվել է ոչ թե արդարության ծարավից դրդված, այլ սեփական աթոռներն ու կարգավիճակը պահպանելու ծիրում մարդկանց ահաբեկելու համար։
Հ.Գ. Միայն թե մեկ հորդոր ունեմ այն ընդդիմադիրներին, որոնք այսօր անարգանքի սյունին են գամում Քոչարյան Անդրանիկի համար։ Էլի արեք դա, բայց մի դարձեք Քոչարյան Անդոների գցած էստաֆետը վերցնողները և քննադատեք նրան հենց երեսպաշտության ու ստահակության համար, չմոռանալով՝ որ Մարտի 1-ին պետությունը շատ էլ ճիշտ է արել, որ ուժ է կիրառել, պետությունը սխալ է արել, որ Ռադիոտունը գրավողների վրա զենք չի կիրառել ու հսկայական սխալ էր Սասնա Ծռերին ողջ թողնելը։