Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ առկա ձևակերպումներն ընթերցելիս շատ դժվար է անտարբեր մնալ։
Այսպես՝ հաղորդագրության մեջ երկու անգամ օգտագործվում է հետևյալ ձևակերպումը՝ «հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ԱՃՈՒՐԴԻ արդյունքներով ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ էականորեն ցածր արժեքով օտարվել է»։
Տարրական տրամաբանություն ունեցող մարդուն հասկանալի է, որ, եթե որևէ գույք օտարվում է աճուրդով, ապա դրա օտարման գինը որևէ դեպքում չի կարող համարվել ոչ շուկայական, քանի որ աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը։
Այլ բան, եթե համապատասխան գույքը օտարվի/սեփականաշնորհվի ոչ թե աճուրդի, այլ՝ ուղղակի վաճառքի միջոցով առանց հրապարակային սակարկությունների կազմակերպման։
Եթե աճուրդով օտարված գույքի վաճառքի գինը շուկայական չէ, ապա ի՞նչ այլ եղանակով է հնարավոր օբյեկտիվորեն որոշել գույքի շուկայան գինը։
Եվ, հետևաբար, աճուրդով օտարվող գույքը, եթե աճուրդն անցկացվել է կիրառելի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնների պահպանմամբ, որևէ կերպ չի կարող համարվել ոչ շուկայական։
Հ. գ. Իրավապահ մարմիննե՛ր, հանրությունը դեռ սպասում է հայրենավաճառության ու տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի կապակցությամբ առերեւույթ առկա փաստերի հիման վրա առաջադրվելիք մեղադրանքներին և կալանավորումներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3646685012033249
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել